Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 16-ին հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի ունեցած միջադեպից 1,5 ամիս է անցել: Թեեւ երկու համայնքների ղեկավարները դեռեւս մայիսի 19-ին էին պայմանավորվել հետ վերցնել բողոքները, ադրբեջանական կողմը խախտել է համաձայնությունը. նրանցից մեկը հրաժարվում է բողոքը հետ վերցնել:

«Հուլիսի 1-ին կոնֆերանս է հրավիրված, որին մասնակցելու են Ուկրաինայում բնակվող հայերը, ներկա կլինի նաեւ Ուկրաինայում ՀՀ դեսպանը: Կոնֆերանսի ժամանակ կքննարկենք նաեւ այս հարցը: Ամեն ինչ անելու ենք, որ հարցը կարգավորվի»,- NEWS.am-ի թղթակցին ասաց Լվովի հայկական համայնքի ղեկավար Նիկոլայ Քոչարյանը:

Նշենք, որ 4 ադրբեջանցի հետ է վերցրել բողոքը:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-15-ն անցկացվող Կունգ-ֆուի Եվրոպայի առաջնության ժամանակ զանգվածային բախում է տեղի ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ

Արցախցի Դավիթ Պետրոսյանի մեծ առավելությամբ անցած մենամարտի վերջնամասում Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել հայ մարզիկին, որի վրա թիկունքից հարձակվել է նաեւ ռինգում գտնվող նրա ադրբեջանցի մրցակիցը: Դրանից հետո ադրբեջանական թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվել են Հայաստանի հավաքականի անդամների վրա:

Նշենք, որ հարձակման ենթարկված արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի 5 տանկ եւ 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի եղբայրն է:

Մայիսի 16-ին, ըստ լրատվամիջոցների, հայերի եւ ադրբեջանցիների միջեւ տեղի է ունեցել բախում

Բախումներից հետո իրավիճակը Լվովում բավականին լարված էր: