«Սիվիլիթաս» հիմնադրամը սեպտեմբերի 21-ին հանրությանը կներկայանա երեք նոր նախաձեռնությամբ՝ հեռուստատեսային հեռարձակում համացանցով՝ CIVILNET.TV-ն, օրաթերթի հրատարակություն` «Օրակարգը» անվանմամբ, ինչպես նաեւ՝ հանրային հարցումների անցկացում, որը կհրապարակվի տարբեր լրատվամիջոցներում։ Այս մասին NEWS.am-Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը։ Նրա խոսքով՝ CIVILNET.TV-ն համացանցում լրատվական ծրագիր է ներկայացնելու, որը նպատակ ունի անաչառ հանրությանը ներկայացնել Հայաստանի ներքին կյանքը, տարածաշրջանային զարգացումներն ու միջազգային իրադարձությունները:

«Լրատվական հաղորդումները կլինեն յուրաքանչյուր օր, կլինեն լուրեր, ռեպորտաժներ, որտեղ կներկայացվեն հայաստանյան եւ օտարերկրյա փորձագետների եւ վերլուծաբանների, տարբեր մասնագիտության տեր մարդկանց՝ մտավորականների, հասարակական-քաղաքական գործիչների կարծիքները եւ այլն»,-ասաց Ս. Ղազարյանը։ Ըստ նրա՝ CIVILNET.TV-ն կփորձի հետազոտությունների եւ վերլուծությունների հիման վրա անաչառ տեղեկատվություն մատուցել հանրությանը, որը հնարավոր կարելի դիտել օնլայն։

Հիմնադրամի օրաթերթը՝ «Օրակարգը» անդրադառնալու է Հայաստանի տնտեսական եւ քաղաքական, սոցիալական եւ մշակութային եւ այլ խնդիրներին, ինչպես նաեւ օրվա լուրերին։ Թերթում կարևոր տեղ է հատկացվելու նաեւ վերլուծությանը եւ տարբեր կարծիքներին: Օրաթերթը, սակայն, հիմնականում տնտեսական ուղղվածություն է ունենալու։

Ինչ վերաբերում է հիմնադրամի երրորդ նախաձեռնությանը՝ սոցիալական հարցումների անցկացմանը, ապա դրա նպատակն է ներկայացնել հայաստանյան տարբեր շրջանակների մարդկանց կարծիքները այս կամ այն խնդրի վերաբերյալ։ Հարցումները կանցկացվեն ոչ թե օնլայն, այլ իրականում մարդկանց հետ հանդիպելով, իսկ դրանց արդյունքները կհրապարակվեն տարբեր լրատվամիջոցներում։

Հիշեցնենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիրը ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է։