Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 16։25-ին, ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Վարդան Օսկանյանի եւ Լեւոն Զուրաբյանի ստորագրությամբ գրությունը՝ հետեւյալ բովանդակությամբ. «Առաջարկում ենք մեր զրույցի ապօրինի գաղտնալսման եւ սոցցանցերում տեղադրման կապակցությամբ հարուցել քրեական գործ, հայտնաբերել եւ պատժել հանցագործության պատասխանատուներին»: Կից ներկայացվել են այդ կապակցությամբ նախկինում իրենց կողմից արված հայտարարությունները։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի գլխավոր դատախազությունից:
Նույն օրը, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ, պատգամավորների գրությունն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ քրեադատավարական կարգով ընթացք տալու եւ որոշում կայացնելու համար։
Նշենք, որ Youtube-ում հայտնվել էր Հայ ազգային կոնգրեսի համակարգող եւ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ու նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի զրույցի ձայնագրությունը:
Խոսակցության հիմնական թեման եղել է ՀԱԿ-ի առանձին անդամների վերաբերմունքը ԲՀԿ-ի հետ Կոնգրեսի համագործակցությանը, կայանալիք նախագահական ընտրությունները եւ ՀԱԿ-ի թեկնածուի առաջադրման հնարավորությունը: Բացի դրանից Լեւոն Զուրաբյանը բավականին արհամարհական տոնով է արտահայտվել Մարտի 1-ի ողբերգական դեպքերի մասին, իսկ ավելի հստակ` կայանալիք նախընտրական քարոզարշավի ընթացքում դրանց վրա ուշադրությունը կենտրոնացնելու վերաբերյալ: Youtube-ում ձայնագրության տեղադրումից հետո` այն հայտնվել է նաեւ լրատվամիջոցներում: Դրանից հետո Զուրաբյանը, նաեւ ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանը, որի անունը եւս շոշափվել էր խոսակցությունում, հանդես են եկել հայտարություններով, որոնցում ԱԱԾ-ին մեղադրել են անձնական խոսակցությունների գաղտնալսման եւ հրապարակման մեջ, որը հակասում է ՀՀ-ի Սահմանադրությանը: Ի դեպ. Երեկ այդ ձայնագրությունը հեռացվել է Youtube-ից:




























