Քրեական հեղինակություն Դեդ Հասանի դագաղը տեղափոխ ինքնաթիռն այդպես էլ չի հասել հանգուցյալի հայրենիք. Վրաստանի օդանավակայանը հրաժարվել է ընդունել ինքնաթիռը: Ամենայն հավանականությամբ, Ասլան Ուսոյանին կթաղեն Մոսկվայում:

«Դեդ Հասան» մականվամբ օրենքով գող Ասլան Ուսոյանի մարմինը պետք է Վրաստան  հասցնեին Մոսկվայի «Վնուկովո 3» օդանավակայանից մեկնարկած հատուկ չվերթով:

LifeNew-ը հայտնում է, որ ինքնաթիռում եղել են Ուսոյանի ամենահարազատ մարդիկ եւ թիկնազորը` 29 մարդ, Թբիլիսիի ճանապարհին ինքնաթիռը պլանային վայրէջք է կատարել Դոնեցկում: Այնտեղ այն լրացուցիչ զննել են մաքսայինները: Օդանավակայանի տեխնիկական ծառայությունները լիցքավորել են մեքենան, որից հետո այն պետք է  շարունակեր թռիչքը:

Սակայն Վրաստանի օդանավակայանը հրաժարվել է ընդունել ինքնաթիռը, որը ստիպված մնացել է Դոնեցկում: Ըստ Life News-ի տեղեկության` ամենայն հավանականությամբ քրեական հեղինակության մարմինը կթաղվի Մոսկվայում: Հրատարակչությունը նաեւ հայտնում է, որ  Դեդ Հասանի մարմինը մշտապես խիստ պահպանության տակ է գտնվում` հնարավոր սադրանքներից խուսափելու համար: 

Մինչդեռ «ՌԻԱ Նովոստին» հաղորդում է, որ Թբիլիսիի միջազգային օդանավակայանի տեղեկատվական ծառայության աշխատակիցները չեն հաստատել հատուկ չվերթը չընդունելու տեղեկատվությունը:

Հիշեցնենք, որ Ասլան Ուսոյանը սպանվել էր հունվարի 16-ին Մոսկվայում՝ դիպուկահարի կրակոցից : Ըստ փորձագետների` Դեդ Հասանի սպանությունը  տեղի էր ունեցել քրեական հեղինակությունների ազդեցության ոլորտների վերաբաշխման հետեւանքով:

Իրավիճակին ծանոթ իրավապահ մարմինների աշխատակիցները ենթադրում են, որ Ուսոյանի հաշվեհարդարը նրա եւ քրեական այլ հեղինակավոր «գողի»՝ Տարիել Օնիանիի (Տարո) կլանների միջեւ պատերազմների ճակատագրական վերջակետն էր: