Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող սերիալներում («Գեներալի աղջիկը», «Որբեր», «Աննա») նկարահանված դերասանուհի Աննա Հարությունյանն այսօր` հունիսի 25-ին, հեղինակային իրավունքների խախտման վերաբերյալ հայց է ներկայացրել Նոր Նորք եւ Ավան վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Աննա Հարությունյանը:
Նա կարծում է, որ «Չեզոք գոտի» գեղարվեստական ֆիլմի անձնակազմը խախտել է իր հեղինակային իրավունքները, քանի որ առանց նախնական պայմանավորվածության, համաձայնության ֆիլմում իր կերպարի ձայնային հնչյունավորումը կատարել է մեկ այլ անձ:
Դերասանուհին պատմեց, որ 3 ամիս շարունակ նկարահանվել է ռեժիսոր Արտակ Զիլֆիմյանը «Չեզոք գոտի« գեղարվեստական ֆիլմում, այդ մասին բազմիցս պատմել է իր հարցազրույցներում եւ ինչքան կարողացել, գովազդել է ֆիլմը իր միջոցով: «Սահմանային գյուղում ցեխի եւ կեղտի մեջ սոված-ծարավ նկարվել եմ էմոցիոնալ դերում, լավ եմ արել, ես գոհ ու երջանիկ եմ, որ այդ կերպարը խաղացել եմ, ես նկարվել եմ ֆիլմում եւ կատարել եմ հիանալի դերակատարում, դա ինձ համար կարող էր դառնալ ապագա»,- ասաց նա:
Դրանից հետո քաղաքում արդեն փակցվում են ֆիլմի պրեմիերան ազդարարող պաստառները, մինչդեռ դերասանուհուն ֆիլմի անձնակազմը կանչած չի լինում ձայնային հնչյունավորում կատարելու համար: Անընդհատ հետաձգվում է ֆիլմի պրեմիերան, եւ այն վերջապես կայանում է երեկ` հունիսի 24-ին «Մոսկվա» կինոթատրոնում: Պրեմիերային, սակայն, դերասանուհուն հրավիրած չեն լինում, բայց ֆիլմը էկրան բարձրանալուն պես նրա կասկածները փարատվում են: Պարզվում է, որ ֆիլմում իր կերպարի ձայնային հնչյունավորումը կատարել է մեկ այլ անձ: «Եթե տեսնեիք երեկ, թե ինչ հոգեբանական սթրեսի մեջ էի»,- ասաց Աննա Հարությունյանը: Դերասանուհին շեշտում է, որ ոչ նկարահանումների սկզբին, ոչ ընթացքում, ոչ էլ ավարտին իր փոխարեն մեկ այլ անձի` ձայնային հնչյունավորում անելու հետ կապված պայմանավորվածություն, համաձայնություն, խոսակցություններ չեն եղել, այդ մասին իրենից ոչ ոք կարծիք չի հարցրել: Նա նաեւ նշեց, որ բազմիցս փորձել է կապ հաստատել ֆիլմի անձնակազմի հետ` ճշտելու, թե ինչու իրեն չեն կանչել ձայնային հնչյունավորման, սակայն ապարդյուն: Աննա Հարությունյանը տեղյակ չէ նաեւ, թե ինչու իրեն չեն հրավիրել ֆիլմի պրեմիերային:
Դերասանուհին դատարանից պահանջում է վերականգնել իր խախտված հեղինակային իրավունքները: «Ես հավատում եմ, որ Հայաստանը օրենքի երկիր է, եւ սա հիանալի նախադեպ կլինի: Եթե ես ճիշտ եմ, օրենքը իմ կողմից կլինի: Ես գիտեմ, որ ես ճիշտ եմ, ու եթե նույնիսկ օրենքը իմ կողմից չլինի, ես սա իմ պարտությունը չեմ համարի, որովհետեւ գոնե կիմանամ, որ կյանքում ես պայքարեցի, ոչ թե պարտվածի նման լռեցի, ի վերջո, կարելի է գեղեցիկ էլ պարտվել, ամեն մարդ իր տեղը պետք է իմանա»,- նշեց նա:
Դերասանուհին առայժմ չի շտապում բացահայտել հայցի մանրամասները եւ թե ուրիշ ինչ պահանջներ են ներկայացված: Նա նշեց, որ ընթանալու է դատական պրոցես, որին չի ցանկանում միջամտել, իսկ դրանից հետո կպատասխանի բոլոր հարցերին:




























