Հանրապետության հրապարակում փուչիկներ վաճառող 25-ամյա Արսեն Ս-ն պնդում է, որ Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը հուլիսի 16-ին, իրեն հարվածել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Արսեն Ս-ն:

Նա նշեց, որ այժմ իրեն լավ է զգում: «Գլխիս հեռախոսով թեթեւակի հարվածել է, մի հատ էլ բռունցքով է խփել ու հայհոյել է: Ես իմ գլխին ցավ եմ զգացել, խփելուց հետո ես ուշքից գնացել եմ, էն եմ ջոկել, որ սկորիի մեջից իջնում եմ արդեն հետ տված»,- ասաց նա:

Արսեն Ս-ն պատմեց, որ իրեն բազմիցս զգուշացվել է բացօթյա  առեւտրով չզբաղվել, քանի որ դա ապօրինի է, սակայն ինքն այլընտրանք չունի: «Բայց ես ինչ անեմ, մի հատ դուք ասեք, գնամ գողություն անե՞մ, որ իմ երկու օրվա հացի փողը աշխատեմ: Ես վառված տղա եմ, սաղ իմ մարմինը վառված է, թեւերով, բանով, ուրիշ տեղ չեմ կարա աշխատեմ: «Երեւան Սիթիում» աշխատեցի, փող չտվին, խաբին, դուրս եկա: Ինչ էլ անեն, մեկ է` ես ծախելու եմ, ես էդ առեւտուրը էլի կանեմ, որովհետեւ չեմ գնա մուրացկանություն ու գողություն անեմ, ամեն ինչ կանեմ ընտանիքս պահելու համար: Ինչ ուզում  են, անեն, թող տանեն սպանեն: Ավելի լավ է գլխիցս խփեն, սպանեն, որ էս գործը չանեմ, կամ էլ ես պետք է էս գործը անեմ, ուրիշ հնարավորություն չունեմ»,- ասաց փուչիկ վաճառող երիտասարդը` հավելելով, որ օրական աշխատում է  2000-20  հազար դրամ: Նա նաեւ պատմեց, որ վերջերս է ամուսնացել, կինը արդեն երեխա է սպասում:

Իսկ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ Երեւանի քաղաքապետարանի Առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը հարվածել է 25-ամյա Արսեն Ս-ի գլխին: Նա տեղեկացրեց, որ տվյալ քաղաքացին բազմիցս  զգուշացվել է, որ բացօթյա առեւտրով չի կարելի զբաղվել, բայց նա շարունակել է իր ապօրինի գործողությունը` անտեսելով Երեւան քաղաքի ավագանու որոշումը՝ բացօթյա ապօրինի առեւտրի իրականացման արգելքի մասին: Եւ հուլիսի 16-ին, երբ քաղաքապետարանի առեւտրի վարչության աշխատակիցները մշտադիտարկում էին իրականացնում, հերթական անգամ հորդորել են նրան հեռանալ, սակայն նա աղմուկ է բարձրացրել, շրջապատող մարդկանց ուշադրությունը հրավիրել իր վրա:

«Որեւէ հարված չի եղել, իրեն կոշտ տոնով ասել են` հեռացիր, արգելված է եւ վերջ: Իսկ երիտասարդը այնպիսի բեմականացում է սարքել, թե իբր իրեն հարվածել են, ինքը ընկել է, բայց որեւէ մեկը նրան մատով չի կպել»,- հայտնեց Արթուր Գեւորգյանը:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Շուշան Հունանյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Արսեն Ս-ն դիմել է իրենց մոտ, հետազոտվել է, որից հետո ստացել ամբուլատոր օգնություն: Նրա մոտ տրավմատիկ ախտահարում չի հայտնաբերվել:

Ավելի վաղ Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ հուլիսի 16-ին ժամը  23.45-ին մի քաղաքացի է զանգել եւ ասել, որ հրապարակում ծեծի են ենթարկել փուչիկ ծախող մի քաղաքացու: Մեկնած խումբը պարզել է, որ  23.00-ի սահմաններում Հանրապետության հրապարակում առեւտրի շուրջ ծագած վիճաբանություն է եղել, Արման Ե-ն ձեռքով հարվածել է 25-ամյա Արսեն Ս-ի գլխին: Ոստիկանությունը ահազանգ ստացել է նաեւ «Էրեբունի» բժշկական կենտրոնից այն մասին, որ Արսեն Ս-ն վնասվածքով տեղափոխվել է իրենց մոտ` բուժօգնություն ստանալու նպատակով:

Ոստիկանության լրատվական ծառայությունից նաեւ հայտնել էին, որ Արման Ե-ն հրավիրվել է բաժին, բացատրություն տվել, իսկ տուժածին տրվել է դատաբժշկի ուղեգիր, հանգամանքները պարզվում են, ոստիկանության կենտրոնականի բաժնում հետաքննություն է կատարվում:

Նշենք, որ «Ժամանակը» գրել էր, թե Երեւանի քաղաքապետարանի առեւտրի վարչության պետ Արման Եդոյանը Հանրապետության հրապարակում ծեծել է փուչիկներ վաճառողին: «Նա ուշաթափվել է ու ընկել. նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Միջադեպից հետո լարված իրավիճակ է ստեղծվել Հանրապետության հրապարակում, որտեղից առեւտրականները՝ մոտ 50 հոգի, գնացել են ոստիկանության Կենտրոնական բաժին: Սա, նրանց խոսքերով, ոչ առաջին, ոչ վերջին դեպքն է:

Նշենք միջադեպից հետո, երբ առեւտրականները աղմուկ են բարձրացրել ոստիկանները մոտեցել են նրանց եւ իմանալով, որ Արման Եդոյանն է խփել երեխային, վերջինիս բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին: Նշենք, որ փուչիկ վաճառող երեխան երկկողմանի ծնողազուրկ է»,- գրում է «Ժամանակը»: