Ամեն ինչ նորմալ է, ոչ մի լուրջ բան չկա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանի որդին՝ վթարի ենթարկված Նորայր Վարդանյանը։ Նա նշեց, որ այժմ գտնվում է Գյումրիում։ «Այստեղ եմ եկել, պապաս այստեղ էր, եկել եմ այստեղ»,- ասաց երիտասարդը։ Այնուհետեւ նա խնդրեց փոքր-ինչ ուշ զանգահարել, քանի որ հիվանդանոցում է։
Մինչ այդ Գյումրիի հիվանդանոցից մենք տեղեկացանք, որ Նորայրի վիճակը լավ է, որեւէ խնդիր չկա, վնասվածք չունի։ Դրանից մոտ կես ժամ անց NEWS.am-ի խմբագրություն է զանգահարում Յուրի Վարդանյանը եւ հանդիմանում համայն լրագրողներին՝ իրեն որդուն անհանգստացնելու համար։ «Ինձ արդեն 1500 հատ զանգ է եկել 5 ժամվա մեջ, ամեն մեկը ուզում է մի բան իմանալ: Փոխարեն իմ տղայի առողջության մասին մտածեմ, ես ձեր զանգերին պիտի պատասխանեմ, բացատրություններ պիտի տամ։ Հարցեր եք տալիս, ես այդ հարցերի ժամանա՞կն ունեմ, որ տալիս եք, պիտի զանգեք, ասեք՝ նորմա՞լ է, իր հետ լուրջ խնդիր կա, թե չկա, ես էլ կասեմ, որ չկա։ Դուք ավելորդ հարցեր եք տալիս, լրագրողներդ»,- կշտամբելով լրագրողներին՝ ասաց մեր խմբագրություն զանգահարած նախարարը։
Երբ նրան հորդորում էինք հանգստանալ, չզայրանալ, կռիվ չանել, դրա փոխարեն ասել, թե ինչպես է որդին, ինչու նրան տարան Գյումրի եւ երբ կբերեն Երեւան, ծանրամարտի աշխարհի չեմպիոն-նախարարը սկսեց գոռգոռալ՝ այս անգամ անցնելով վիրավորանքների. «Ավելորդ հարցեր ես տալիս, աղջի»։
Հիշեցնենք, որ Իսակովի պողոտայում այսօր՝ սեպտեմբերի 14-ին ժամը 08:00-ի սահմաններում բախվել են Lexus մակնիշի 24 ԼԼ 099 եւ «ԳԱԶԵԼ» մակնիշի 0907 Տ համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով, նախնական տեղեկություններով, կա 5 տուժող: Lexus-ի վարորդը ծանրամարտիկ, սպորտի նախարար Յուրի Վարդանյանի որդի, 26-ամյա Նորայր Վարդանյանն է:


























