Վենեսուելայից Փարիզ 1,3 տոննա կոկային տեղափոխելու գործի քննությունը շարունակվում է: Այս պահին Կարակասի ոստիկանությունը 10 մարդու է ձերբակալել մաքսանենգության կասկածանքով:
Ավելի վաղ կալանավորվել էին Բոլիվարյան ազգային գվարդիայի երեք ծառայողներ՝ լեյտենանտ եւ երկու սերժանտներ, իսկ հիմա հսկողության տակ են մեկ փոխգնդապետ, մեկ լեյտենանտ եւ մայրաքաղաքի օդանավակայանի երկու աշխատակիցներ, հայտնում է vesti.ru-ն:
Սեպտեմբերի 24-ին Ֆրանսիայում մեղադրանք էր ներկայացվել Իտալիայի երեք քաղաքացիների եւ Բրիտանիայի երկու հպատակների՝ թմրանյութի ռեկորդային քանակի մաքսանենգ տեղափոխման համար:
Հիշեցնենք, նախորդ շաբաթ Ֆրանսիայի ոստիկանությունը տոննայից ավելի կոկային էր հայտնաբերել Կարակասից Փարիզ թռչող Air France ավիաընկերության օդանավի ուղեբեռներում:
Կարակասից ժամանող ինքնաթիռում ավելի քան մեկ տոննա կոկային են հայտնաբերել
Ներքին հետաքննություն է սկսել նաեւ չվերթն իրականացնող Air France ավիաընկերությունը: Պարզվել է՝ ճամպրուկները գրանցվել են ուղեւորների թվում չեղած մարդկանց անուններով: Իսկ ճամպրուկները, ըստ փորձագետների, կարող էին գրանցել միայն ավիաընկերության կամ Վենեսուելայի ու Ֆրանսիայի օդանավակայանների աշխատակիցները: Հայտնի է, որ ձերբակալվածներից ոչ ոք Air France-ի աշխատակից չէ:
Քննիչների կարծիքով՝ կոկայինի մեծ մասը նախատեցված էր Իտալիայի հանցավոր ցանցի միջոցով վաճառելու համար:
Այս գործի քննությամբ զբաղվում են Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի եւ Նիդեռլանդների թմրաոստիկանները:





























