Ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով կալանավորված բժիշկ, 36-ամյա Վահագն Մադոյանն ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Թամարա Յայլոյանը:

Նա նշեց, որ նոյեմբերի 25-ին կայացած նիստում Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է իր միջնորդությունը՝ խափանման միջոց ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին, արդյունքում՝ 1 մլն դրամով Մադոյանն ազատ է արձակվել:

Թե ինչու է դատարանը բավարարել միջնորդությունը, փաստաբանի փոխանցմամբ, պատճառն այն է, որ քննիչը չուներ հիմնավոր փաստեր, որ Վահագն Մադոյանը կդիմեր փախուստի կամ կխոչընդոտեր նախաքննությանը, ազդեց նաեւ դեպքի հետ կապված հասարակական հնչեղությունը:

Նա նշեց, Վահագն Մադոյանը կանցնի իր մասնագիտական պարտականությունների կատարմանը, կներկայանա նախաքննության մարմնին: Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ գործի շրջանակներում առերեւսումներ եղել են ոստիկանների հետ, բայց իրենք կքննարկեն իրենց տակտիկան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գյումրիի Ավստրիական «Մոր եւ մանկան» հիվանդանոցի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքի բժիշկ-գինեկոլոգ, 36-ամյա Վահագն Մադոյանին մոտ երկու շաբաթ առաջ կալանավորել են: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝  իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

Նշենք, որ Վահագն Մադոյանը հայտնի գինեկոլոգ Ֆուրման Մադոյանի որդին է: Նրա հայրը  մի քանի անգամ դատվել է, առաջին անգամ նա դատվել էր երիտասարդ կնոջը մայրանալու հնարավորությունից զրկելու համար, իսկ երկրորդ անգամնրա սխալ գործողությունների արդյունքում կինը մահացել էր: Առաջին քրեական գործի շրջանակներում նա տուգանվել էր նվազագույն աշխատավարձի 150-ապատիկի չափով,իսկ երկրորդ անգամ դատապարտվել էր ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նրա նկատմամբ կիրառվել էր համաներում եւ ազատ էր արձակվել: