G խումբ, 1-ին տուր.

15 հունիսի, Յոհաննեսբուրգ, Էլլիս Պարկ ստադիոն

Մրցավար` Վիկտոր Կաշաի (Հունգարիա)

Մայկոն, 55 (1:0), Էլանո, 72 (2:0) Նամ, 89 (2:1)

- Աշխարհի 2010թ. առաջնության խաղերի օրացույցը

Աշխարհի առաջնությունը Հարավային Աֆրիկայում շարունակվում է: Այսօր գիշեր այդ երկրում սպասվում են տեղումներ ձյան տեսքով: Բրազիլիայի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներ նույնիսկ ձեռնոցներով խաղացին:

ԿԺԴՀ-ն ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչի հաշվին է այդ երկիրն այսքան տարի դիմանում` տոտալ պաշտպանություն: Բոլոր 11 ֆուտբոլիստները մեկ շարքով փակել էին բոլոր անցումները: Եւ, եթե չլիներ 55-րդ րոպեին, պաշտպան Մայկոնի գրեթե դիմային գծից կատարած անհավանական հարվածն ու գոլը, ապա դժվար է ասել, թե ինչ ավարտ կունենար Բրազիլիա – ԿԺԴՀ հանդիպումը:

Բաց թողած գոլից հետո հյուսիսկորեացիների պաշտպանական շարքերը տեղի տվեցին եւ վտանգավոր պահերը ավելի հաճախակի դարձան Ռի Մեն Գուկի դարպասի մոտ: Գոլից հետո դժբախտ դարպասապահը երկար դեմքը չէր պոկում խոտածածկից: Հետաքրքիր է` բաց թողած գոլը ցույց կտան ԿԺԴՀ-ում, թե ոչ: Այդ երկրում աշխարհի առաջնության հանդիպումները հեռարձակվում են տեսագրությամբ, եւ միայն մոնտաժից հետո` տոտալիտար պետության բարքեր են:  

72-րդ րոպեին Էլանոն կրկնապատկեց հաշիվը: Անթերի փոխանցում կատարեց Ռոբինյոն:

Իսկ նախավերջին րոպեին հյուսկորեացիները մտան պատմության մեջ: Չի Յուն Նամը դարձավ պատմական գոլի հեղինակը: Դեռ երբեք ԿԺԴՀ-ն գնդակ չէր խփել բրազիլացիներին: