Գրող, հրապարակախոս Հրանտ Մաթեւոսյանի եղբորորդի Թովմա Մաթեւոսյանի սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը անհիմն է համարում ամբաստանյալ Տիգրան Մելիքյանի փաստաբանի պնդումը, թե Թովմա Մաթեւոսյանն իրականում բժիշկների անփութության պատճառով է մահացել: NEWS.am-ի հետ զրույցում փաստաբանն ասաց, որ քրեական գործում առկա ապացույցները հիմնավորում են, որ  Տիգրան Մելիքյանը դիտավորությամբ սպանել է Թովմա Մաթեւոսյանին:

«Տիգրան Մելիքյանը դանակով հարվածել է կրծքավանդակին ու այնպիսի ուժգնությամբ, որ մեկ սանտիմետրից ավել վնասվածք է առաջացել Թովմաս Մաթեւոսյանի սրտի վրա: Այսքանից հետո Տիգրան Մելիքյանն ու պաշտպանության կողմն ում ասես կարող են մեղադրել»,- ասաց փաստաբանը` նշելով, որ ինքը, ի տարբերություն պաշտպանական կողմի, կրկնակի դատաբժշկական փորձաքննության անհրաժեշտություն չի տեսնում: Նրա խոսքով` դատարանում բժիշկ-ռեանիմատոլոգի  հարցաքննությունը տվել է բոլոր հարցերի պատասխանները:

Նշենք, որ լրագրողների հետ զրույցում Տիգրան Աթանեսյանն ասել էր, որ գործով միակ վկան պատմել է, որ Թովմա Մաթեւոսյանն իր ոտքով է մտել  հիվանդասենյակ եւ կլինիկական մահվան մեջ չի եղել, ինչպես ներկայացնում են բժիշկները: Երվանդ Վարոսյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ վկան պատմել է, որ տեսել է` ինչպես են Թոմվա Մաթեւոսյանին մեծ դժվարությամբ տեղափոխել պատգարակի վրա. «Իսկ բժիշկները հայտնել են, որ երբ իրենք ընդունարան են մտել, Թովմաս Մաթեւոսյանի մոտ կյանքի ոչ մի նշույլ չի եղել»:

Հիշեցնենք, որ  գործով ամբաստանյալ Տիգրան Մելիքյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն այսօր` մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Մաթեւոսյանի մահվան մեջ մեղադրում է բժիշկներին: Նա պահանջում է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն անցկացնել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. մայիսի 15-ին Վանաձոր քաղաքում ժամը 22:00-ի սահմանում «Մոտկորի» անտառապետ Թովմա Մաթեւոսյանի  եւ բնապահպանության տեսուչ Տիգրան Մելիքյանի վիճաբանության ժամանակ դանակահարություն էր տեղի ունեցել, ինչի հետեւանքով «Մոտկորի» անտառապետ Թովմա Մաթեւոսյանը մահացել էր: Բնապահպանության տեսուչ Տիգրան Մելիքյանը 2013թ.-ի մայիսից գտնվում է կալանքի մեջ: