Ցանցահենները ջարդել են Ashley Madison կանադական կայքը, որը ծառայություններ էր մատուցում «կողմնակի» կապեր փնտրող անհավատարիմ ամուսիններին, եւ օգտատերերի վերաբերյալ տեղեկությունները հասանելի են դարձրել բոլորի համար:
Կանադական Avid Life Media ընկերության ծանոթությունների կայքը ստեղծվել է նրա համար, որ ամուսիններին հնարավորություն տա դավաճանել իրենց երկրորդ կեսին: Կայքի նշանաբանն է «Կյանքը կարճ է: Սիրավեպ ունեցիր»:
Ինչպես հաղորդում է CNN հեռուստաալիքը, օգտատերերի վերաբերյալ տեղեկությունները հրապարակվում են «մութ ոստայնում»` համացանցի այն հատվածում, որը Google-ը եւ որոնողական այլ համակարգերը չեն գտնում: Այդ ոլորտին մուտք կարելի է ունենալ միայն հատուկ Tor բրաուզերով, հաղորդում է РИА Новости-ն:
Հրապարակված տվյալները ներառում են օգտատերերի անունները, պլաստիկ քարտերի համարները, ինչպես նաեւ կայքում նրանց ծախսած գումարը:





























