Վարորդների մեծ մասը դեմ է մեքենայի դիմապակու եւ կողային ապակիների մգեցվածության թույլատրելի սահմանն անցնելու համար 50 հազար դրամի չափով տուգանքների կիրառմանը։ Երեւանում NEWS.am–ի հարցմանը մասնակցած վարորդների մի մասն ասացին, որ չեն պատրաստվում հեռացնել ապակիների մգեցնող թաղանթը, իսկ ՃՈ այս նախաձեռնությունը համարում են «վարորդներին թալանելուն» ուղղված հերթական քայլ։

«Ամեն օր մի նոր օրենք են հանում, ինչքան ուզում են, թող տուգանեն, ոչ էլ պատրաստվում եմ հանել»,-  NEWS.am–ին ասաց ՃՈ վերջին խստացումից դժգոհ վարորդներից մեկը։

Վարորդներին զայրացել է նաեւ ՃՈ այն հիմնավորումը, որ դիմապակու մգեցվածությունն է վթարների պատճառ դառնում։ Մեր հարցմանը մասնակցած փոքրաթիվ վարորդներ համաձայնեցին, որ մգեցվածությունը երբեմն վթարի պատճառ է դառնում, սակայն նրանց կարծիքով` տուգանքի չափը շատ մեծ է` հաշվի առնելով առանց այդ էլ ճանապարհատրանսպորտային այլ խախտումների համար սահմանված խոշոր տուգանքները։

Որոշ վարորդներ ընդհանրապես տեղյակ չէին մգեցված ապակիների նկատմամբ հսկողությունը խստացնելու ՃՈ որոշման մասին։

Հիշեցնենք, որ ըստ Ոստիկանության տարածած հաղորագրության, տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75 տոկոսից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70 տոկոսից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների (հետևի դռների ապակիներ և հետևի դիտապակի) լուսաթափանցելիությունը կարող է լինել 70 տոկոսից ցածր: Այս չափորոշիչները խախտողները կտուգանվեն օրենքով սահմանված 50 000 դրամի չափով։