Վանաձորցի 4.5-ամյա Լուսինե Թերոյանի մոտ հենաշարժողական խնդիրներ ծնողներն առաջին անգամ նկատել են 6 ամսականում:
«Երեխային փորձում էի նստեցնել, չէր նստում: Տարա պոլիկլինիկա, ասացին՝ յոթնուկ ա ծնվել, դրանից է, սպասեք, կնստի: Դարձավ մեկ տարեկան, տեսա չէ, էլի չի նստում, տարա Երևան: Հետազոտեցին ու ասացին, որ չնստելու պատճառն այն է, որ մկանների տոնուսը բարձր է»,- NEWS.am–ի հետ զրույցում պատմեց երեխայի մայրը՝ Հեղինեն:
Բժիշկները խորհուրդ են տվել ֆիզիոթերապևտիկ բուժում ստանալ: Վերջին երեք տարիների ընթացքում Լուսինեն պարբերաբար ֆիզիոթերապևտիկ բուժում է ստացել ինչպես Վանաձորում, այնպես էլ Երևանում: Մի քանի տարի տևած բուժումը, սակայն, գրեթե օգուտ չի տվել:
Տեսնելով, որ բուժման այս եղանակն էֆեկտիվ չէ, բժիշկներն առաջարկել են լազերային բուժման կուրս անցել Տուլայում: Ծնողները, սակայն, դա անելու հնարավորություն չունեն:
«Հետաքրքրվել ու իմացել ենք, որ բուժումն ու տրանսպորտայի ծախսերը միասին կազմում են մոտ 1500 դոլար: Սա մեր ընտանիքի համար շատ մեծ գումար է», - ասաց մայրը։
Թերոյանների ընտանիքը բազմանդամ է: Ամուսինները 4 անչափահաս երեխաների հետ բնակվում են քաղաքի ծայրամասային թաղամասերից մեկում՝ ինքնաշեն տնակում: Եկամտի միակ աղբյուրը 47.000 դրամ կազմող ընտանեկան նպաստն է ու երկու երեխաների համար տրվող հաշմանդամության կենսաթոշակը:
Ամուսինը՝ 39-ամյա Կամոն, մասնագիտությամբ վարորդ է, հիմնական աշխատանք, սակայն, չի կարողանում գտնել: Ստիպված են լինում բավարարվել նրանով, ինչ ունեն:
«Ամեն ամիս թաղի խանութներից նիսյա ենք վերցնում, ամսվա վերջին նպաստն ու թոշակը ստանում, տանում պարտքերը տալիս ու սկսում նորից պարտք անել: Ծայրը ծայրին չենք կարողանում հասցնել»,- ասում է Հեղինեն:
Ամենօրյա ծախսերին այժմ գումարվել է նաև ձմռանը անշուք տնակը ջեռուցելու խնդիրը: Օրախնդիր ծախսերի ֆոնին Լուսինեի բուժման հարցն այս ընտանիքի համար դարձել է անլուծելի: Փոքրիկի բուժումն իրականացնելու համար ծնողները հայցում են բարերարների օգնությունը: Այդ նպատակով ՎՏԲ բանկում բացվել է հաշվեհամար փոքրիկի մոր՝ Հեղինե Թարոյանի անունով.
AMD 16036008696314
ԱՄՆ դոլար-16036008696315
Եվրո-16036008696316
Ռուբլի -16036008696317





























