ԱԺ-ի քննարկմանը ներկայացված ՀՀ դատական օրենսգիրքը եթե կիրառենք, արդեն հիմք կդնենք արդար, անաչառ եւ օբյեկտիվ դատարան ունենալու բոլորի ակնկալիքներին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 6-ին, ԱԺ-ում  Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Նրա խոսքով, օրենսգիրքը մի քանի կարեւոր մասից է բաղկացած. «Դատավորների թեկնածուներին ներկայացվող պահանջներ, դատավորների ուսուցում-վերապատրաստում, դատավորների ընտրության գործընթաց եւ դատավորների անկախության երաշխիքներ եւ պատասխանատվություն: Դատավորների պատասխանատվությունը նրա արդյունավետ գործունեության հիմնական երաշխիքն է, այլ երաշխիք չկա: Այսինքն անպատասխանատու որեւէ սուբյեկտի առկայությունը կառավարման մեջ վտանգավոր է»,-ասաց նա:

Կոստանյանի խոսքով, քանի դեռ չենք բարձրացրել դատավորների պատասխանատվության հարցը, մեր ակնկալած արդարադատությունը չենք ունենա. «Գիշեր-ցերեկ վերապատրաստենք, սեմինարներ անենք, արդյունք չի տալիս, եթե չկա պատասխանատվություն: Պետք է խստացնենք եւ ընդլայնենք պատասխանատվության ինստիտուտը, բայց որպեսզի դա մահակ չդառնա, պետք է որոշակիացնենք եւ կանխատեսելի դարձնենք դա նաեւ դատավորի համար:

Իմ խորին համոզմամբ, այս նախագիծն ամբողջությամբ երաշխավորում է այդ երաշխիքները»:

Հանձնաժողովի փոխնախագահը նաեւ նշեց, որ եթե մինչեւ հիմա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում էր կայացնում մարդու իրավունքի խախտման վերաբերյալ, դա չէր առաջացնում պատռասխանատվություն դատավորի համար, իսկ նոր կարգավորումներով ՄԻԵԴ-ի որոշումները հիմք են հանդիսանալու դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց, թե այդ դեպքում՝ որ դատավորին են պատասխանատվության ենթարկելու՝ հաշվի առնելով, որ ՄԻԵԴ դիմելու համար մարդը անցնում է բոլոր ատյանների դատարաններով. «Որ դատավորն է ենթակա պատասխանատվության կոնվենցիայի դրույթները խախտելու համար»:

Ի պատասխան Գեւորգ Կոստանյանն ասաց. «Ասենք, դատական ակտ է կայացվում, ապա վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում վճիռը մնում է նույնը, ՄԻԵԴ-ը դա խախտում է ճանաչում: Արդյոք բոլոր երեք դատարանների կազմերին պետք է պատասխանատվությա՞ն ենթարկել. Այո, համամասնորեն եւ համաչափորեն իրենց կատարած խախտման համամասնությամբ: Հակառակ դեպքում առաջին ատյանի դատավորը կասի՝ լավ, ես սխալվել էի, թող վերաքննիչն ուղղեր: Վերաքննիչն էլ կարող է նույնը ասել Վճռաբեկ դատարանի մասին: Այսինքն ստացվում է, որ առաջին ատյանի դատավորը երբեւէ պատասխանատվություն չի կրում, ինչը բերում է անպատասխանատվության»:

Նա ընդգծեց, որ Բարձրագույն դատական խորհուրդը կորոշի, թե ինչ համամասնությամբ պետք է պատժել դատավորներին:

Տեղի է ունեցել սահմանադրական օրենքի ոտնահարում. Մարուքյանը՝ փաստաբանների նկատմամբ սանկցիա կիրառելու մասին

Կմիանա՞ ՀՅԴ-ն տարածքային ցուցակներով ընտրակարգը փոխելու «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությանը

Ընդդեմ թանկացումների. «Ելք»-ը ստորագրահավաք է սկսում ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցով

«ՀՀԿ-ականներն անպատժելիության մթնոլորտ են ստեղծում ԱԺ շենքում». Փաշինյան-Գեղամյան միջադեպի մասին նախագիծը մերժվեց