ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինի հետ հեռախոսազրույցում ասել է, որ ԿԺԴՀ եւ ԱՄՆ միջեւ բարձր մակարդակի երկխոսությունը բխում է բոլոր կողմերի շահերից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:

Զրույցը տեղի է ունեցել մարտի 9-ին՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

«Թրամփն ասել է, որ վերջին շրջանում Կորեական թերակղզում միջուկային հարցի շուրջ դրական առաջխաղացումներ են նկատվում: Հյուսիսային Կորեայի կողմը դրական մոտեցում է ցույց տվել: «Եթե ԱՄՆ-ն եւ ԿԺԴՀ-ն կարողանան բարձր մակարդակի երկխոսություն անցկացնել, ապա դա բոլոր կողմերի շահերից կբխի», - ասել է Թրամփը:

Թրամփը նաեւ հույս է հայտնել, որ ի  վերջո Կորեական թերակղզու խնդիրը խաղաղ ճանապարհով կլուծվի:

Նա շնորհակալություն է հայտնել Չինաստանին կարեւոր դերակատարության համար, որը նա խաղում է խնդրի լուծման գործում:

Իր հերթին, Սի Ցզինպին հույս է հայտնել, որ ԱՄՆ եւ ԿԺԴՀ միջեւ երկխոսությունը շուտով կսկսվի:

«Մենք համաձայն ենք Կորեայի թերակղզու խնդրի քաղաքական կարգավորման մասին նախագահի դրական տրամադրվածության հետ, հուսով ենք, որ ամերիկյան եւ Հյուսիսային Կորեայի կողմերը հնարավորինս շուտ կսկսեն երկխոսությունը եւ դրական արդյունքների կհասնեն», - ասել է Սի Ցզինպինը: