Հարավային Ուելսի համալսարանի գիտնականները պարզել են, որ շագանակագույն աչքերով կանանց մոտ սեզոնային աֆեկտիվ խանգարման (ՍԱԽ) վտանգը կրկնակի բարձր է, քան երկնագույն աչքերով մարդկանց մոտ:

ՍԱԽ-ը խանգարում է, որի դեպքում տարվա մյուս եղանակներին նորմալ հոգեկան առողջություն ունեցող մարդկանց մոտ ձմռանը դեպրեսիայի նշաններ են ի հայտ գալիս, գրում է MEDDaily-ը:

Մեծ Բրիտանիայում եւ Կիպրոսում բնակվող 175 կամավորի մասնակցությամբ անցկացված հետազոտության ընթացքում պարզվել է, որ երկնագույն աչքերը պաշտպանում են սեզոնային աֆեկտիվ խանգարումից: Ընդ որում, հետազոտության արդյունքներով, կանայք 40%-ով ավելի հաճախ են բախվում այս խանգարմանը:

Գիտնականների հավաստմամբ՝ մուգ գույնի աչքերը տարվա կարճ օրերին ավելի քիչ լույս են ներս թողնում, ինչն ազդում է սերոտոնինի արտադրության վրա: Մասնագետների կարծիքով՝ մուտացիան, որն աչքերը երկնագույն է դարձնում, Եվրոպայի բնակիչների մոտ ի հայտ է եկել 10.000 տարի առաջ, որպեսզի նրանց պաշտպանի ձմեռային դեպրեսիայից: Ամենայն հավանականությամբ, խանգարումը կանանց թույլ է տալիս ձմռանը տնտեսել էներգիան՝ երեխաների մասին ավելի լավ հոգ տանելու համար: