Շաբաթ երեկոյան բելգրադցի փաստաբան Միշա Օգնյանովիչին գնդակահարել են Նոր Բելգրադում իր տան շեմին: Blic պարբերականը հայտնում է, որ մահափորձի ժամանակ վիրավորվել է նաեւ փաստաբանի 26-ամյա որդին:

Հաղորդվում է, որ հարձակումը կատարվել է տեղական ժամանակով 19:30-ին Հակաֆաշիստական պայքարի փողոցում: 57-ամյա փաստաբանը սպանվել է, երբ որդու հետ մոտեցել է իր տան դռանը:

Հանցագործության վայրում է ոստիկանությունը: Ամբողջ թաղամասը շրջապատված է, ստուգվում են ավտոմեքենաները: Ամենուր հերթապահում են ոստիկանական պարեկները:

Օգնյանովիչը աշխատել է իրավաբանական թիմի կազմում, որը Հաագայի տրիբունալում պաշտպանել է Հարավսլավիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշեւիչին: Նա վերջին տարիներին շատ հաջող կարիերա է ունեցել: Սերբական լրատվամիջոցները պնդում են, որ նա պաշտպանել է ծանր հանցագործություններ կատարած մեծ թվով հաճախորդների, իսկ վերջին տարիներին ներկայացնում էր քրեական հեղինակություն Լուկա Բոյովիչին:

Պարբերականը հայտնում է, որ վերջին մի քանի ամիսներին Բելգրադում սպանվել են Բոյովիչի մի քանի բարեկամներ: Պարբերականի տեղեկություններով՝ սա կապված է քրեական գերդաստանների պատերազմի հետ, որոնք զբաղված են թմրանութերի շրջանառությամբ: Ենթադրաբար, փաստաբանը կարող էր լինել բանդիտական պարզաբանումների զոհը: