Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության մասին խմբակցության հայտարարությունը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Այսօր լրանում է Վանաձորի ՏԻՄ ընտրությունների երկու ամյակը, որը, ինչպես բոլորս ենք հիշում, մնաց պատմության մեջ որպես մանդատագողության խայտառակ դրսեւորում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չհանդուրժեց ստեղծված իրավիճակը եւ հետեւողական քայլերի միջոցով հասավ ընդհուպ մինչեւ ՍԴ՝ հակասահմանադրական ճանաչելով Վանաձորում մոտ մեկ տարի իրականացվող ոչ իրավազոր ավագանու նիստերն ու դրանց ընթացքում ընդունված իրավական ակտերն ու որոշումները:

Այս ամենը որեւէ կերպ չստիպեց Վանաձորի կառավարումը ստանձնած մեծամասնությանը, մասնավորապես, ՀՀԿ, ՀՎԿ եւ ՀՅԴ, վերանայել իրենց դիրքորոշումներն ու պահվածքը:

Ավելին՝ հեղափոխության օրերին ՀՎԿ եւ ՀՅԴ կուսակցությունների ղեկավար մարմինների կողմից արված հայտարարությունները նույնպես չկարողացան խարխլել Վանաձորի մակարդակում վերջիններիս տարածքային գրասենյակների անմնացորդ նվիրումը ՀՀԿ-ին:

Հաշվի առնելով վերը թվարկված հանգամանքները, ինչպես նաեւ Վանաձորում շարունակվող Հանրապետականի անարդյունավետ կառավարումը՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սույնով կոչ է անում Վանաձորի ավագանու բոլոր անդամներին միանալ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու մեր նախաձեռնությանը:

Նախաձեռնությանը կարող են միանալ ինչպես խմբակցությունները, այնպես էլ անհատ ավագանու անդամներ: Եռօրյա ժամկետում ակնկալում ենք հստակ դիրքորոշումների արտահայտում մեր բոլոր գործընկերներից, որից հետո կքննարկվեն հետագա քայլերը: Նախաձեռնությանն ընթացք տալու համար անհրաժեշտ է ավագանու օրենքով սահմանված անդամների թվի 1/3-ը, սակայն մենք առաջ կշարժվենք միայն բավարար քանակի ստորագրություն ունենալու պարագայում»։