Որեւիցե միջադեպ «Զվարթնոց» համալիրում չի եղել, որեւէ մեկին իմ երեխաները չեն ծեծել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ (Ճոյտ) անդրադառնալով այն հրապարակմանը, որ իր զավակները «Զվարթնոց» ռեստորանահյուրանոցային համալիրում ծեծել են 40-ամյա մի կնոջ։
«Մեր տուն է եկել մի կին, իմ տղայի նախկին ընկերուհին է եղել, նա առանց հարցնելու մտել է մեր տուն, մեր ընտանիքի անդամներն էլ դուրս են հրավիրել աղջիկն էլ կանգնած ժամանակ հրել, գցել է դաշնամուրի վրա դրված արձանիկը։ Ամբողջը սա է, որեւէ ծեծ չի եղել, այն էլ «Զվարթնոց» համալիրում։ Այս մասին ձեզ կհայտնեն նաեւ ոստիկանության լրատվական բաժնից»,- ասաց նա։
Նախկին պատգամավորը նշեց, որ այս կնոջ հետ կապված իրենք մի քանի ամիս առաջ էլի են ոստիկանությունում հաղորդում ներկայացրել, որ կինն անհանգստացնում է իր որդուն, այս միջադեպից հետո երկրորդ հաղորդումն են ներկայացրել, որ 40-ամյա կինը ներխուժել է իրենց բնակարան, կոտրել արձանիկը։
«Նախկինում այդ կինը որդուս հետ ծանոթ է եղել, միշտ սնվել է տղայիս տված գումարներով, հիմա երբ որ տղաս չկա, ապրելու խնդիր է տարբեր միջոցներով փորձում է տղայիս շանտաժի ենթարկի, տղաս էլ չի ուզում նրա հետ որեւէ առնչություն ունենա»,- ասաց Հակոբ Հակոբյանը։
Հակոբ Հակոբյանը, ով ԲՀԿ ցուցակով առաջադրվել է Արմավիրի մարզում, կարծում է, որ այս միջադեպի չափազանցված հրապարակումը իր քաղաքական հակառակորդներն են կազմակերպել, իր հեղինակությունը իջեցնելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ shamshyan.com-ի փոխանցմամբ ԱԺ նախկին պատգամավոր, «Ճոյտ» մականունով հայտնի Հակոբ Հակոբյանին պատկանող «Զվարթնոց» ռեստորանահյուրանոցային համալիրում վեճ ու ծեծկռտուք է եղել, որին մասնակցել են «Ճոյտի» զավակները։
Նոյեմբերի 22-ին, Ժամը 17:00-ին ոստիկանություն է ահազանգել Երևանի բնակիչ, 40-ամյա Էռնա Գանջոյանը և հայտնել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Զվարթնոց» թաղամասում իրեն ծեծել են։
Արդեն ժամեր անց՝ 21:20-ին, Հակոբ Հակոբյանը՝«Ճոյտը», զանգահարել է ոստիկանության Վաղարշապատի բաժին և հայտնել, որ տան անդամներից տեղեկացել է, որ նշված հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Է. Գանջոյանը դիտավորությամբ կոտրել է հյուրասենյակի դաշնամուրի վրա դրված արձանիկները:





























