News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 13
USD
477.4
EUR
526.81
RUB
7.46
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Կենդանասերները այսօր՝ մայիսի 15-ին, բողոքի ցույց են իրականացրել Երեւանի քաղաքապետարանի դիմաց։ Նրանք երեք պահանջ էին ներկայացրել՝ տեղեկանալ Երեւանի քաղաքապետարանի կողմից Երեւանի կենդանաբանական այգում ուսումնասիրություններին արդյունքներին,  ծանոթանալ Երեւանի կենդանաբանական այգու հոգաբարձուների խորհրդի կազմին, ինչպես նաեւ պահանջում էին այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյւանի հրաժարականը։

«Կենդանասերների նախաձեռնող խմբի» համակարգող Արմեն Ումրշատյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց իրենց պահանջները. «Մենք ցանկանում ենք տեղեկանալ Երեւանի քաղաքապետարանի կողմից ուսումնասիրություններին արդյունքներին, ինչպես նաեւ Երեւանի ավագանին որոշում է կայացրել Երեւանի կենդանաբանական այգու հոգաբարձուների խորհուրդ ձեւավորելու մասին, մենք խնդրում ենք այս պահին ձեւավորված հանձնաժողովի կազմը եւ նրանց գործառնությունները տրամադրել մեզ։ Բացի այդ, շարունակվում է կենդանիների անկումը, ուստի պահանջում ենք կասեցնել կենդանաբանական այգու տնօրենի լիազորությունները։ Այս 3 պահանջներն են»։

Նրա խոսքով՝ շաբաթ օրը քառակողմ հանդիպում է կայանալու, որի նախաձեռնողը ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն է. «Հանդիպումը լինելու է Երեւանի կենդանաբանական այգում, հանդիպմանը լինելու են Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները, Երեւանի ԲՀԿ–ական ավագանին, կենդանասերները եւ այգու տնօրենը»։

Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը կենդանասերների հետ հանդիպմանը ասաց, որ կենդանաբանական այգում ուսումնասիրությունը ավարտվել է, սակայն կա 2-րդ կարեւոր փուլ, երբ ուսումնասիրությունների արդյունքներին տրվում է իրավական գնահատական. «Գիտեք, որ կա քրեական գործ հարուցված եւ քննիչը միջնորդել էր, որ ուսումնասիրությունները տրամադրվեն նախաքննություն իրականացնող մարմնին, ուստի հրապարակման համար մենք պետք է համոզվենք, որ չենք խանգարի նախաքննությանը։ Սա է պատճառը, որ մենք զերծ ենք մնացել այս նյութերի հրապարակումից, ուիստի դիմել ենք նախաքննության մարմնին, որ պատասխան ստանանք՝ արդյոք իրավասու ենք հրապարակել այս նյութերը»։

Փոխքաղաքապետը հավաստիրացրեց, որ կենդանասերների բարձրացրած հարցերը առանձին ուսումնասիրության են ենթարկվել, առանձին կտրվի պատասխան։

Նրա խոսքով՝ Երեւանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի կազմը դեռ ընտրված չէ, քանի որ լուծված չէ հարցը, թե ով է ղեկավարելու այս խորհուրդը, սակայն գործող տնօրենի լիազորությունները կասեցնելու իրավական հիմքեր չկան. «Մենք գտնում ենք, որ տվյալ անձը մեծագույն սեր պետք է վայելի հասարակության կողմից, տեղյակ լինի այգու աշխատանքներին, կենդանասերները պետք է լիարժեք վստահություն ունենան նրա նկատմամբ»։

Տնօրենի լիազորությունները կասեցնելու պահանջին ի պատասխան Տիգրան Վիրաբյանը հայտնեց, որ քաղաքապետարանը փնտրում է ճանապարհներ կենդանաբանական այգու ղեկավար կազմը փոփոխելու համար. «Բայց փոփոխությունները չեն կարող լինել 1 վայրկյանում եւ ըստ տրամադրության, փոփոխությունները պետք է  լինի հիմնավոր»։

Հիշեցնենք, որ տնօրենի հրաժարականի պահանջով տեւական ժամանակ է՝ բողոքի ակցիաներ են իրականացվում կենդանասերների կողմից։ Ցուցարարները պնդում են, որ տնօրենի անփույթ վերաբերմունքի պատճառով է տեղի ունենում կենդանիների անկումը։

Տպել