News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իմ հիմնական մտահոգությունը շտապողականությունն է, որ հաստատ ու վճռական տոնով ասում են՝ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտը կբացվի և կվերածվի թանգարանի, դրա անհրաժեշտությունը կա՞ արդյոք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Արտակ Ղուլյանը։

«Իմ հիմնական մտահոգությունը շտապողականությունն է, որ հաստատ ու վճռական տոնով ասում են պիտի բացենք թանգարան, դրա անհրաժեշտությունը կա՞ արդյոք։ Փաստորեն հնագիտական պեղում պետք է կատարեն, որի արդյունքները պետք է ցուցադրվի։ Նախ ուսումնասիրական աշխատանք է դա պահանջում, որպեսզի համոզվեն՝ արժե, թե չէ, մանավանդ այսպիսի ռիսկային գոտում է, կապված է ոչ միայն Հրապարակի հնարավոր ձևափոխումների հետ, այլ ֆինանսական մեծ ծախսեր է պահանջում և մեծ անհարմարություն է պատճառելու քաղաքին, հանկարծ եթե պարզվեց, որ դա շարունակվում է դեպի երթևեկելի գոտի, ամբողջ հրապարակի տակ, ի՞նչ պետք է անեն»,-նշեց նա։

Ճարտարապետը շեշտում է՝ նախ պետք է հասկանալ, թե Հրապարակի տակ ինչ շենքեր են․ «Դրա համար բազմաթիվ մեթոդներ կան, դրանից մեկը պատմական լուսանկարներն են, վերջիվերջո դա հազարամյակների պատմություն չի, ընդամենը 100-200 տարվա շենքեր են, որոնց արխիվային լուսանկարները կան, քաղաքի հին հատակագծերով հնարավոր է պարզել, թե կոնկրետ այդ վայրերում ինչ շենք է եղել և համարյա թե պարզել են, թե դրանք ինչ շենքեր են եղել և ըստ այդմ կողմնորոշվել, դա շատ կարևոր է»։

Նա համոզված է՝ շեշտը պետք է դնել պատմական ժամանակաշրջանի վրա․ «Որ ասում ենք Հին Երևան, ի՞նչ նկատի ունենք, բերեք 1500 թվականից մինչև 1900 թվականը Երևանի պատմությունը տարի առ տարի թերթենք, և հասկանաք՝ երբ կարող էր լինել դա։ Որ ասում են հին միջնադարյան, այդպես չէ, Երևանի պատմությունը բավականին ողբերգական, ծանր, զրկանքներով, անհանգիստ, պատերազմներով է եղել և շատ քիչ ժամանակներում է, որ մեր ժողովուրդը կարողացել է Երևանում շինարարական գործունեություն ծավալել, և նույնիսկ այդ դեպքերում արդյունքը եղել է ոչ բարձր մակարդակի ճարտարապետություն»։

Ճարտարապետը կարծում է, որ նախ պետք է հաշվառեն  առկա հուշարձանները, կտրականապես արգելվի որևէ շինարարական գործունեություն դրանց հետ կապված․

«Եթե մեր իշխանություններն իսկապես այդքան սրտացավ են, ուզում են փոխել մշակութային քաղաքականությունը, ուրեմն պետք է հատ առ հատ հաշվառեն  առկա հուշարձանները, կտրականապես արգելել են որևէ շինարարական գործունեություն դրանց հետ կապված։ Թող ասեն՝ եկեք այս պահից սկսած Հին Երևանը փրկենք, ինչ մնացել, մնացել է, բայց դա էլ չեն անում։ Մեր մշակությի նախարարությունը տարեկան 150-200 միլիոն դրամ է հուշարձաններին հատկացնում, այսինքն՝ մի չնչին գումար, որով ամեն տարի մի բան կարողանում են անել, բայց մենք ունենք զարգացած միջնադարի և վաղ շրջանի հուշարձաններ, որոնք կարող են ցանկացած ժողովրդի հպարտության առարկա լինել, Երևանի մոտակայքից սկսած մինչև Սյունիքի անտառները։ Այնքան շատ են և այնքան ողբալի վիճակում են, թանգարանային արժեք ունեցող բեկորներն անխնա թափված են որտեղ ասես, գումար չկա ուղղակի, ինչի՞ են կենտրոնանում Երևանի վրա»։

Նրա խոսքով՝ Հրապարակի տակ գտնվող շենքերը մեծ արժեք էլ չեն ներկայացնում․ «Եթե դա լիներ Շենգավիթի, Էրեբունու, Ավանի տաճարի շրջակայքում, որ սպասելի էր վաղ շրջանի լիներ, բոլորս լավ գիտենք՝ Երևանի որ թաղամասում ինչ կա, սա ուշ միջնադարյան Երևանի տարածքն է, որ գտնվել է պարսկական և թուրքական ազդեցությունների տակ, և պիտի պահպանված լինեն այդ շրջանի բնակելի տներ, որոնք ինքնին շատ մեծ արժեք չեն ներկայացնում, այո՛, ամեն ինչն է հետաքրքրություն ներկայացնում։ Երբ մտնում ես որևէ քաղաք, ձեզ տալիս են քաղաքի պատմության մասին բուկլետ, իսկ մենք չունենք, արխիվային լուսանկարները նույնիսկ հրատարակված չեն, դա հո կարելի էր անել։ Կարծո՞ւմ եք Թամանյանը կամ այլ ճարտարապետներ, որոնք վերակառուցում էին հրապարակը, չգիտեին դրա մասին, մի քիչ վիրավորական է նույնիսկ, Թամանյանն ինքը Հուշարձանների և հնությունների կոմիտե նախագահն էր, ո՞նց կարող էր չիմանալ։ Բայց բոլորովին ուրիշ նպատակներ կար, որ թեկուզ ԽՍՀՄ կազմում անկախ հզոր Հայաստանի ազգային նկարագիրը փրկել, վերականգնել այդ դարերի մղձավանջից հետո, հիմա մենք ուզում ենք վերադառնալ այդ ողորմելի շրջանին»։

Ղուլյանը նաև ընդգծում է՝ ինչ է երևալու ապակու տակից՝ մի երկու աղյուսաշեն մրոտած, ճաքած կամար․  «Երբ 1828 թվականին Երևանի բերդը գրավվեց ռոսւների կողմից, Երևանի կենտորոնում սկսեց զանգվածային շենքեր կառուցվել, դրանք հիմնականում կիսագյուղական տներ էին, որովհետև Երևանը գյուղաքաղաք էր, այստեղ զբաղվում էին հողագործությամբ և անասնապահությամբ, բոլոր շենքերը ունեինք մառաններ՝ տնտեսական նպատակների համար, և լուսանկարներից երևում է աղյուից ու խամ, կիսասրբատաշ քարերից, ոչ կանոնավոր նկուղային հարկեր, որոնց հիմնական նպատակը շոգի պայմաններում սնունդ պահելն է եղել։ Երբ ասում են ապակի դնենք, ցուցադրենք, մի երկու աղյուսաշեն մրոտած, ճաքած կամար։ Իսկապես ինձ համար անհասկանալի է»։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էին, որ Հանրապետության Հրապարակի տակ գտնվող պատմական շերտը կբացվի և կվերածվի թանգարանի։

Տպել
Ամենաշատ