News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստում այսօր՝ հունվարի 30-ին չի ընդունվել  փոստային առաքանիների՝ ծանրոցների, արտասահմանյան ինտերնետ խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման մասին որոշումը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Որոշումը չընդունվեց, հանձնարարվեց ավելի խորը ուսումնասիրել հարցը և անդրադառնալ հարցին 6 ամիս հետո»,-ասաց նա։

Նշենք, որ ԵՏՀ նիստում քննարկվում էր այն առաջարկը, որի համաձայն՝ արտասահմանյան ինտերնետ-խանութներից ծանրոցների անմաքսատուրք ներկրման շեմը կնվազեցվի 100 եվրոյի 2020 թվականի հուլիսի 1-ից, 50 եվրոյի՝ 2021 թվականի հունվարի 1-ից եւ 20 եվրոյի՝  2022 թվականի հունվարի 1-ից։

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության (ԴՄԾ) ղեկավար Վլադիմիր Բուլավինը նշել էր, որ 2019 թվականին մաքսերով հարկվող ծանրոցների թիվն ավելացել է հինգ անգամ։

«2019 թվականին շեմը 1000-ից 500 եվրոյի նվազեցնելուց հետո մաքսավճարներն ավելացել են, քանի որ ավելացել է «վճարովի» ծանրոցների քանակը՝ 2018-ի 56,8 հազարից մինչեւ 234,1 հազար 2019-ին, այսինքն՝ հինգ անգամ։ Վճարումները հասել են 895,6 մլն ռուբլու։ Դա երեք անգամ ավելին է, քան մեկ տարի առաջ»,- ասել է Բուլավինը։

Նշենք, որ նիստի օրակարգում են ԵԱՏՄ տարածքում շուկայի գործառնության շրջանակներում առկա խոչընդոտների վերացման, Միության տարածքում ինտեգրման զարգացման ուղղությունների, թվային տրանսպորտային միջանցքների վերաբերյալ հարցեր: Քննարկվում են նաև ԵԱՏՄ տարածքում մաքսային-սակագնային կարգավորումներին և տեխնիկական կանոնակարգմանն առնչվող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է կատարվել գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման ընթացքին:

ԵՏՄ կառավարությունների ղեկավարները կդիտարկեն ապրանքների անմաքսատուրք ներկրման շեմի նվազեցման հարցը

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ