News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կապանի ոստիկանության առջև հավաքվածները պահանջում են, որ իրենց մոտ գա Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և պարզաբանում տա իրենց հասած տեղեկությունների վերաբերյալ։

«Մենք տեղեկություններ ունենք, որ սա քաղաքական հետապնդում է։ Թող մարզպետը գա ու բացատրի՝ ինչու են տղաներին ձերբակալել, բռնության ենթարկել և ինչու են ցանկանում տեղափոխել Երևան, եթե Սյունքիում կա ձերբակալվածների վայր, քննությունը նույնպես կարող է իրականացվել մարզային քննչական կոմիտեում»,– ասաց նրանցից մեկը։

Շատերն էլ ասում են, որ այս ամենի մեջ խառն է Սյունիքի ՔՊ–ական փոխմարզպետ Նարեկ Բաբայանի մատը։

«Նարեկ Բաբայանը պիտի հեռանա, այս ամենը նրա խաղերն են»,– ասաց քաջարանցիներից մեկը։

Քաջարանցիները, որոնք արդեն մի քանի ժամ չեն հեռանում ոստիկանության շենքի մոտից, վստահ են, որ բերման ենթարկված քաջարանցիներին ոստիկանությունում բռնության են ենթարկել՝ փորձելով ցուցմունք կորզել Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի դեմ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապանում մայիսի 24–ին լարված իրավիճակ է ստեղծվել։ Ոստիկանության շենքի դիմաց հավաքվել են բազմաթիվ քաջարանցիներ, որոնք պահանջում են Երևան չտեղափոխել և ազատ արձակել ոստիկանություն բերման ենթարկված, ապա ձերբակալված իրենց համաքաղաքացիներին։ Ըստ շենքի առջև հավաքված հարազատների տեղեկությունների՝ ձերբակալվածներին ոստիկանությունում ծեծի են ենթարկել։ Ոստիկանությունը հերքում է բռնություն գործադրելու մասին տեղեկությունները։ Նշենք, որ բերման ենթարկվածները երեքն են, մի հոգու՝ Նվեր Խաչատրյանին, սխալմամբ են բերման ենթարկել, ապա ազատ արձակել։ Նրա մարմնի վրա բռնության հետքեր կան։ Հավաքվածները պահանջում են, որ կալանավորվածներին չտեղափոխեն մայրաքաղաք և քննությունն իրականացվի Սյունիքում, քանի որ մտավախություն ունեն, որ այնտեղ ավելի դաժան ծեծի կենթարկեն։ Նրանք սպառնում են, որ հակառակ դեպքում ճանապարհ կփակեն, կդիմեն ծայրահեղ քայլերի։ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը հայտարարել է, որ իր նկատմամբ քաղաքական ճնշումներ են, օրեր առաջ ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել իր և մերձավորների բնակարաններում, դրան հաջորդել են քաջարանցիների անհիմն ձերբակալությունները՝ բռնության կիրառմամբ:

Опубликовано Արմինե Հարությունյան Воскресенье, 24 мая 2020 г.
!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ