News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2008թ. մարտմեկյան ողբերգական իրադարձություններից առաջ Հայաստանի ոստիկանության եւ հատուկ ծառայությունների ղեկավարները հավաստիացրել էին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որ նվազագույն կորուստների գնով եւ հաշված րոպեների ընթացքում կարող են Ազատության հրապարակը մաքրել ընդդիմության ակտիվիստներից, եւ Քոչարյանն արտոնել էր հատուկ գործողությունը:

Այդ մասին ասված է ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Պենինգտոնի` 2008թ. մարտի 10-ի հեռագրում, որ հրապարակել է սկանդալային Wikileaks կայքը: ԱՄՆ փոխդեսպանը ներկայացրել է իր եւ Քոչարյանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Գառնիկ Իսագուլյանի գաղտնի հանդիպման մանրամասները:

Ըստ Պենինգտոնի, Իսագուլյանը խոստովանել է, թե մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած ոստիկանական գործողությունն արտոնել էր Ռոբերտ Քոչարյանը: Պենինգտոնը հեռագրում նշել է, թե Քոչարյանն այնքան վստահ է եղել գործողության հաջողությանը, որ անգամ մտադիր է եղել Ծաղկաձոր այցելել:

Անվտանգության հարցերով խորհրդականը փորձել է ԱՄՆ փոխդեսպանին համոզել, թե խորհուրդ է տվել դադարեցնել մամուլի նկատմամբ սահմանափակումները, սակայն իր կարծիքը չեն լսել:  Իսագուլյանը նաեւ սխալ քայլ է համարել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին կոալիցիայի կազմում ընդգրկելը, քանի որ այդ քայլը միայն խորացրել է հասարակության երկփեղկվածությունը, իսկ ՕԵԿ-ի ընտրողների գերակշիռ մասը դեմ էր կառավարությանը:

Ի դեպ, Պենինգտոնը ուշագրավ մի բացահայտում է արել` նկատելով, որ Գառնիկ Իսագուլյանը, ով նախկինում բավական ջերմ արտահայտություններ է արել վարչապետ Սերժ Սարգսյանի հասցեին, մարտի 10-ի հանդիպմանը դժգոհություն է հայտնել վերջինիս պահվածքից:

«Մենք Իսագուլյանի խոսքերը զգուշությամբ ենք ընդունում, քանի որ գիտենք նրա կողմնակալությունն ու ինքն իրեն գովելու սովորությունը», - արձանագրել է Պենինգտոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ