Սլովակիան հասել է ռուսական նավթի նկատմամբ Եվրամիության պատժամիջոցներից բացառմանը, ինչը թույլ կտա նրան շարունակել նավթամթերքներ, այդ թվում դիզելային վառելիք արտահանել Ուկրաինա, որն էներգետիկ սով է ապրում։ Այս մասին հայտարարել է էկոնոմիկայի նախարար Քարել Հիրմանը, հաղորդում է Reuters-ը։
Երկրի գլխավոր նավթ վերամշակող գործարանը՝ Slovnaft-ը, որը մտնում է հունգարական MOL էներգետիկ ընկերության կազմի մեջ, բախվել է ռուսական նավթի վերամշակման արտադրանքի արտահանումը դադարեցնելու անհրաժեշտության հետ, երբ պատժամիջոցներն ուժի մեջ մտնեն փետրվարի 5-ին:
Բացառումը Slovnaft-ին թույլ է տալիս նավթամթերք արտահանել Ուկրաինա, որն այս ձմռանը բախվել է էլեկտրաէներգիայի եւ ջեռուցման լուրջ դեֆիցիտի։
«Մեզ հաջողվել է պայմանավորվել Slovnaft-ի համար պատժամիջոցների ռեժիմից բացառման մասին, որն ուժի մեջ կմտնի փետրվարի 5-ից»,-ասել է Հիրմանը։ «Դրա շնորհիվ Slovnaft-ը կկարողանա արտահանել բոլոր նավթամթերքները ոչ միայն Չեխիա, այլեւ Ուկրաինա»,-հավելել է նա։
Սլովակիան Ռուսաստանից ստանում է գրեթե 100 տոկոս հում նավթ «Դրուժբա» խողովակաշարով, որն անցնում է Ուկրաինայով։ Բայց Slovnaft-ը նախատեսում է հաջորդ տարի կրճատել այդ մասնաբաժինը մոտ 60 տոկոսով՝ այլ շուկաներ արտահանելու իր ներուժը պահպանելու համար:
Ներկայումս Slovnaft նավթավերամշակման գործարանը արտահանում է իր արտադրանքի զգալի մասը՝ օրական 124 000 բարել ծավալով։
Ավելի վաղ ընկերությունը հայտարարել է, որ փորձարկում է տարբեր խառնուրդներ, որպեսզի փոխարինի իր ռուսական մատակարարումների մի մասը:





























