News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Պետական բուհերի թիվը մինչև 2030թ-ը կհասցվի 8-ի։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, կառավարության նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` կառավարության հաստատմանը ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը»։

«Խոսքը պետական ֆինանսավորմամբ բուհերի մասին է։ Դրանց թիվը պետք է հասցնենք մինչև 8-ի, և այդտեղ պետք է պարտադիր գիտական–հետազոտական ուժեղ բաղադրիչներ արվեն։ Կստեղծվի ակադեմիական քաղաք` որպես որակյալ բարձրագույն կրթության ու գիտության արդիականացման ենթակառուցվածք։ Նախատեսվում է, որ այս ուղղությամբ արվող գործողությունների արդյունքում մեր 4 բուհեր առնվազն ներառված կլինեն միջազգային վարկանիշավորման համակարգերի 500-յակում»,– ասաց նախարարը։

Նշենք, որ հիմա ՀՀ–ում պետական ֆինանսավորմամբ բուհերի թիվը 23 է։

Կրթական զարգացման բարեփոխումները, Անդրեասյանի խոսքով, նախատեսվում է սկսել մսուրներից։ Այդ նպատակով բոլոր խոշորացված համայնքներում կստեղծվեն 0-2 տարեկան երեխաների համար մսուրի ծառայություններ` աշխատող մայրերի հոգսը թեթևացնելու համար։

Իսկ խոշոր դպրոցական կրթահամալիրների թիվը մինչև 2030թ–ը նախատեսվում է հասցնել 156-ի։ Բոլոր դպրոցների տարրական դասարանների աշակերտները հնարավորություն կստանան օգտվել դպրոցական սննդի ծրագրից։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ռազմավարության կարևոր բաղադրիչներից է նաև ուսուցիչների ատեստավորման գործընթացը` կրթական բոլոր մակարդակներում` մանկապարտեզներից ու խմբակներից մինչև քոլեջներ ու բուհեր։

Քննարկման ավարտին կառավարությունը հաստատեց կրթության մինչև 2030 թվականի զարգացման գործողությունների ծրագիրը։

Նշենք, որ ծրագիրն իրականացվելու է Համաշխարհային բանկից 100 մլն ԱՄՆ դոլարի բյուջետային աջակցության վարկով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ