Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի թեժ գծին այս պահի դրությամբ ստացվել է շուրջ երկու տասնյակ զանգ, դրանք հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող մեր հայրենակիցներն են եղել, և հենց ՀՀ քաղաքացիներից, հարցերը սովորաբար վերաբերել են ավիաչվերթներին։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց Սփյուռի գործերի գլխավոր հանձակատարի գրասենյակի մամուլի խոսնակ Նելլի Ղուլյանը՝ անդրադառնալով հարցին, թե իրենց գրասենյակը այս օրերին ինչ զանգեր է ստացել, որ երկրներից, արդյոք տուժածներ կան հայերի շրջանում տարբեր երկրներում։

«Այս մասով մենք, իհարկե, տրամադրում ենք տեղեկատվություն, որին տիրապետում ենք, բայց նաև հորդորում ենք մեր հայրենակիցներին հետևել նաև ԱԳՆ կայքէջին, թեժ գծին և հայտարարություններին։

Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքում գտնվող հայ համայնքներին, մեր պատասխանատուները մշտապես կապի մեջ են, սակայն, ինչպես գիտեք, հիմա, օրինակ, Իրանում և այլ երկրներում կապի մեծ խափանումներ կան։ Այս պահի դրությամբ հայերի շրջանում կորուստների վերաբերյալ տեղեկատվություն մեզ մոտ բացակայում է։ Դեռևս այլ տեղեկատվություն չունենք»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է Իսրայելում հայերի շրջանում հնարավոր վնասներին, Նելլի Ղուլյանն ասաց. «Իսրայելից զանգեր չենք ստացել, այսօր մենք կապ ենք հաստատել Իսրայելում մեր համայնքի հետ, հայերի հետ կապված որևէ պատահած դեպք չկա, դպրոցներն ու աշխատատեղերը փակ են, մեր հայրենակիցները հիմնականում տանն են կամ ապաստարաններում»։

Ավելի վաղ ԱԳՆ–ն հայտարարել էր, որ Իսկ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող հայերը կարող են փորձել Օմանով Հայաստան վերադառնալ։ Հարցին՝ արդյոք եղել են այդ ճանապարհով ՀՀ վերադարձողներ, Դուրյանն ասաց, որ այդ մասով ինքը տեղեկատվության չի տիրապետում, պետք է ԱԳՆ–ից ճշտել։

«Երբ իրավիճակը որևէ հատվածում լարվում է, բնականաբար ավելի ինտենսիվ ենք փորձում թե աշխատել, թե հետևել իրավիճակին, թե կապը պահել։ Բնականաբար մեր առօրյա սովորական ռեժիմից ավելի ինտենսիվ ենք աշխատում»,–ասաց նա։