ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Ազգային ժողովում պատգամավորների հարցերին պատասխանելով, հայտարարել է, թե Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի երևանյան այցի ժամանակ քննարկվելու են բազմաթիվ հարցեր, որոնց մի մասը Վրաստան իր աշխատանքային այցի ժամանակ Է. Նալբանդյանը քննարկել է իր վրացի գործընկերոջ հետ։ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ իր այցի ընթացքում քննարկվել է նաև Վերին Լարսի միջպետական անցակետի բացման հարցը, այդ կապակցությամբ, ըստ նախարարի, վրացական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել Ռուսաստանի հետ: Նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ, Վերին Լարսի անցակետում, որն իր տեսակի մեջ եզակի է Ռուսսաստան-Վրաստան սահմանում, շինարարական աշխատանքների ավարտման կապակցությամբ կայացել է հանդիսավոր արարողություն: Անցակետը վերակառուցման պատճառաբանությամբ փակվել էր 2006թ հուլիսին:
Նշենք, որ սույն թվականի մայիսի վերջին, վրացական կողմը Վերին Լարս -ի բացման վերաբերյալ բանակցություների պատրաստակամություն հայտնեց իր ռուս գործընկերներին, : Այդ մասին հավաստեց Վրաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Շոթա Գվիներիան: «Վերին Լարսի վերաբերյալ բանակցություններ սկսելու նախաձեռնությունը ռուսական կողմից մենք ստացել ենք Շվեցարիայի դեսպանատան միջոցով, և վրացական կողմը տալիս է իր համաձայնությունը» նշել էր Գվիներիան ճեպազրույցի ժամանակ:
Կարող ենք չկասկածել, որ " Վերին Լարսի' շուրջ բանակցությունների ժամանակ վրացական կողմը կաշխատի առավելագույնս օգտագործել այսպես կոչված «հայկական գործոնը», հենվելով այն հանգամանքի վրա, որ այդ անցակետի աշխատանքների վերսկսման հարցում Հայաստանը եւս մեծապես շահագրգռված է: Եթե հաշվի չառնենք Վրաստանի կողմից բացահայտ շանտաժի գործոնը, ապա,
առաջին հայացքից, պետք է ընդունել, որ նման մոտեցումը բավականին արդյունավետ է: Հարցն այն է, որ Վերին Լարսի բացումն այսօր անհրաժեշտություն է հայերիս համար: Երեք տարի առաջ՝ 2006թ ամռանը Լարսի փակումը, որն ի դեպ ավելի խորացրեց Վրաստանի և Ռուսաստանի հակամարտությունը, վատթարացրեց Հայաստանի փաստացի շրջափակման վիճակը՝ փակելով բեռնատարների միակ ցամաքային ճանապարհը: Բայց դա երեք տարի առաջ էր: Այս ժամանակահատվածում հայ արտահանողները գտան այլընտրանք, և այսօր, ըստ երևույթին, ամբողջապես հարմարվել են բարդ պայմաններին: Ավելին, Հայաստանի համար բեռնափոխադրման տվյալ երթուղիից օգտվելը այնքան ել ապահով չէ, քանի որ մինչ օրս պաշտոնական Մոսկվայի և Թբիլիսիի միջև չի նկատվում ջերմության նշույլ անգամ, բնականաբար Վերին Լարսով անցնող ճանապարհը ապահով համարվել չի կարող:
Եթե նույնիսկ այդ ճանապարհը բացվի, չկա ոչ մի երաշխիք, որ նույն հաջողությամբ այն չի փակվի մի քանի ժամվա ընթացքում: Արժե հաշվի առնել այն փաստը, որ վերջերս Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության Հյուսիսային Օսիայի սակմանապահ վարչության մամուլի ծառայության ղեկավար Ալեկսանդր Սոլոդը հայտնեց, որ Լարսի բացման մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ Ռուսաստանի և Վրաստանի միջև կվերականգնվեն դիվանագիտական հարաբերությունները: Այս ամենից կարելի է եզրակացնել, որ եթե Հայաստանը որոշեց վերսկսել իր բերնափոխադրումները Վերին Լարսով, ապա ցանկացած պահին վերստին կարող է հայտնվել Վրաստան-Ռուսաստան հակամարտության պատանդի կարգավիճակում։
Այնպես որ, ստեղծված իրավիճակում խոսել Վերին Լարսի անցակետի բացման հարցում Հայաստանի շահագրգռվածության մասին, մեղմ ասած, տեղին չէ: Թբիլիսին, որքան էլ մեջբերի տարբեր փաստարկներ, դժվար թե կարողանա համոզել պաշտոնական Մոսկվային՝ գնալ փոխզիջման։ Դա ցույց է տվել ժամանակը:
Դեռ երեք տարի առաջ, երբ Ռուսաստանը փակեց վերոհիշյալ անցակետը, Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Զուրաբ Նողայդելին հայտարարեց, թե «Ռուսաստանի այդ քայլի արդյունքում կտուժի ոչ թե Վրաստանը , այլ՝ Հայաստանը: Ռուսները դրանով իսկ վնասում են իրենց ռազմավարական գործընկերոջը, քանի որ փակում են հայկական ապրանքների ռուսական շուկա արտահանելու ճանապարհը», ասել էր նա: Իհարկե, այս հայտարարությունը չէր կարող ազդեցիկ լինել Կրեմլի համար: Բայց Մոսկվան անտեսեց նաև ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կարծիքը, որը 2006թ. հոկտեմբերին հայտարարեց, թե անցակետի փակումը լուրջ խնդիրներ կառաջացնի Հայաստանի համար: "Որպես այլընտրանք, մենք կարող ենք օգտագործել միայն վրացական Փոթին նավահանգիստը, սակայն մենք հուսով սպասում ենք անցակետի բացմանը , նշել էր Ա. Մարգարյանը, հավելելով, թե իրավիճակի պարզաբանման համար ՀՀ իշխանությունները կապ են հաստատել Ռուսաստանի ղեկավարության հետ, և հավաստիացումներ ստացել, որ ռուս-վրացական սահմանի վրա կատարվող շինարարական աշխատանքները կավարտվեն մեկ ամսում։ Վերոհիշյալ ամիսը տեւեց… երեք տարի: Ընդ որում, երբ ամեն անգամ Երևանը բարձրացնում էր այդ հարցը, Մոսկվան , պատճառաբանելով շինարարական աշխատանքների բարդությունները, խոստանում էր այն բացել մոտակա մի քանի ամսվա ընթացքում:
Ռուսաստանի նման դիրքորոշման հարցի շուրջ ամենաբնորոշիչը Ազգային ժողովի ան ժամանակվա փոխնախագահ Վահան Հովհանիսյանի հայտարարությունն էր, որը նա արեց 2006թ հոկտեմբերին։ Հովհաննիսյանը նշեց, թե Ռուսաստանը քաջ գիտակցում է, որ Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառման արդյունքում ավելի շատ տուժում է Հայաստանը , սակայն ռուս խորհրդարանականները ընդունելով այս հանգամանքը, այդուհանդերձ համարում են, որ Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի ռեժիմը իրենց անելանելի վիճակի մեջ է դրել: «Մեր ռուս գործընկերները պնդում են, որ Մոսկվան չի կարող չարձագանքել, նույնիսկ, եթե այդ արձագանքի արդյունքը այս կամ այն չափով կվնասի Հայաստանին», ասել էր Հովհաննիսյանը:
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ կարելի է արձանագրել, որ այսօր Վերին Լարսի նշանակությունը Հայաստանի համար չափազանցված է, և քիչ հավանական է, որ այն նախկինի պես էական դեր կարող է խաղալ հայ-վրացական հարաբերություններում։



























