Թերթը զրուցլ է «Վիտամին» ակումբի դերասան Արման Խաչատրյանի հետ: Ներկայացնում ենք հատված զրույցից:
Դուք «32 ատամ» ակումբի հիմնադիրներից էիք, ինչպե՞ս ստացվեց, որ մնացիք «Վիտամին» ակումբի տղաների հետ:
Այստեղ հեռուստաընկերության խնդիր էր: Մեզ դուր չեկավ աշխատելաձեւն «Արմենիա TV»-ում: Մեծամասնության մոտ այդ կարծիքը գերիշխեց, ու մենք գնացինք: Եթե մեր ընկերներից երկուսը նախընտրել են մնալ այնտեղ ուրեմն վե՞րջ, մենք մեծ մարդիկ ենք, առողջ մտածելակերպ ունենք, ով որտեղ ուզեց` մնաց:
Ստացվեց, որ հեռուստաընկերությունները «կռիվ գցեցին» ձեր մեջ:
Չէ´, չէ´, չէ´, մենք կռիվ չենք ունեցել, հասուն մարդկանց պես ճիշտ գնահատեցինք իրավիճակն ու չոտնահարեցինք յուրաքանչյուրիս իրավունքը: Եթե մարդ իր ապագան տեսնում է այդտեղ դու իրավունք չունես դնել քո ընկերությունը, տենց բան չի կարելի:
Իսկ շփումը Վահագնի ու Կարենի հետ շարունակվո՞ւմ է:
Ավելի է քչացել, իրենք էլ ամեն օր ստեղծագործում են, սցենար են գրում, մանավանդ, որ հիմա իրենք քիչ են, իրենց գործն ավելի բարդ է: Հումորը բարդ ժանր է, պետք է կարողանաս ամեն շաբաթ մի նոր բանով հանրությանը ծիծաղեցնել:
Ասում եք` ընկերական հարաբերությունները պահպանվել են, բայց մենք ձեզ երբեք չենք տեսել նրանց ակումբում, նրանց էլ` ձեր:
Հեռուստաընկերության խնդիր է, Դուք էլ նոր մարդ չեք, գիտեք, որ մի հեռուստաընկերությունը չի ուզում իր մարդուն տեսնել մյուս հեռուստաընկերությունում:
«Վիտամին» ակումբի ելույթները միայն հեռուստատեսային տարբերակնե՞րն են, թե նաեւ ակումբային ելույթներ էլ եք ունենում առանց նկարահանումների:
Ինչ «Վիտամին»-ը ստեղծել ենք, ակումբային տարբերակ դեռ չենք արել: Մենք մեր առաջ խնդիր ունեինք` հագենալ տեխնիկապես, որակյալ ելույթներ ապահովել, իսկ ակումբային ելույթները շատ էներգիա են տանում: Կայանալու հարց կար, դա 1 տարի տեւեց, կես տարի է, որ սկսել ենք շնչել: Շատ ձեռքբերումներ ունենք, մենք ունենք մեր տեխնիկան, մեր կռանը, մեր կամերաները: Թիմային աշխատանքի շնորհիվ ենք ձեռք բերել այդ ամենը: Մենք միասին կառուցել ենք ու շարունակում ենք կառուցել:




























