Երեւանում, Ա. Երզնկյանի անվան թիվ 118 ավագ դպրոցում մեկնարկել է «Կենսաբանություն» առարկայի հանրապետական օլիմպիադան: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը եւ ՀՀ կառավարությանն առընթեր Գույքի կառավարման վարչության պետ  Արման Սահակյանը: Ողջունելով եւ հաջողություն մաղթելով  օլիմպիականներին` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշել է. "22 տարի առաջ ես էլ եմ մասնակցել «Կենսաբանության» օլիմպիադիային: Ցավոք, առաջին տեղը գրավել չստացվեց, բայց 3-րդ տեղին ա րժանանալ կարողացա: Ինչպես այդ օրը, այնպես էլ անցած 22 տարիներին մշտապես համոզված եմ եղել, որ հաջողության ամենակարեւոր գրավականը գիտելիքն է: Սիրելի աշակերտներ, դուք, մինչ հանրապետական փուլին հասնելը  հաղթահարել եք մի քանի փուլ: Հանրապետական փուլի հաղթողները  մասնակցելու են միջազգային օլիմպիադային՝ ներկայացնելով մեր երկիրը: Շարունակելով մեդալներով  հայրենիք վերադառնալու բարի ավանդույթը, ուզում եմ հույս հայտնել,  որ այս տարի «Կենսաբանություն» առարկայից եւս կունենանք մեդալներ: Ձեզ մաղթում եմ բարի եւ ազնիվ մրցություն»: Նախարար Արմեն Աշոտյանը տեղեկացրել է նաեւ, որ «Կենսաբանություն» առարկայի օլիմպիադայի գործնական առաջադրանքներն աշակերտները կանցկացնեն այս դպրոցում առկա տեխնիկապես լավագույնս վերազինված լաբորատորիաներում:  

ՀՀ ԿԳ նախարարը շրջել է նաեւ թիվ 118 դպրոցում՝  կենսաբանության, քիմիայի եւ ֆիզիկայի լաբորատորիաներում, ներկա եղել գործնական դասի: "Հանրապետության դպրոցների 2/3-րդը այսօր կահավորված են ժամանակակից լաբորատորիաներով: Խնդրի վերջնական լուծումը նախատեսված է մոտ ապագայում: Առաջնային է նաեւ համակարգչային լաբորատորիաների պահանջարկը: Համակարգչային լաբորատորիաները ոչ միայն ինֆորմատիկայի դասավանդման համար են, այլ նաեւ այլ առարկաների՝ համապատասխան էլեկտրոնային բովանդակությամբ դասընթացների համար",- նշել է նախարարը եւ հավելել, որ  կարեւոր է ավագ դպր ոցների համագործակցությունը համապատասխան մասնագիտացմամբ բուհերի հետ, ինչը կբարձրացնի նախամասնագիտական կրթության արդյունավետությունը:

«Կենսաբանություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցել են 97 աշակերտ Երեւանից եւ մարզերից: Նախարարը խոստացել է, որ  օլիմպիադայի լավագույն մասնակիցները ճամբարներում հանգստանալու ուղեգրեր կստանան:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից անցկացվում են օլիմպիադաներ 16 առարկաներից, որնցից 2-ը՝ «Հայ եկեղեցու պատմություն» եւ «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկաների օլիմպիադաները մտցվել են վերջին 3 տարում:

ՀՀ աշակերտները 6 առարկաներից մասնակցում են նաեւ միջազգային օլիմպիադաների,  որտեղից, որպես կանոն վերադառնում են տպավորիչ արդյունքներով եւ հաղթանակներով: Անցյալ տարի մեր դպրոցականները միջազգային օլիմպիադաներում ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ են նվաճել «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Աստղագիտություն», «Ֆիզիկա» առարկաներից: