Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանում առաջնահերթ է նեղ, փակուղային փողոցների ասֆալտապատումը, որը ներառվել է տարեկան ծրագրում: Այս մասին նշել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն, ով այսօր` ապրիլի 5-ին, այցելել է այդ վարչական շրջան:

«Երեւանի արդեն հաստատված նոր երթուղային ցանցով նախատեսում ենք ավելացնել Նորք-Մարաշ մտնող երթուղիների քանակը, որի արդյունքում հիմնականում կլուծենք բնակիչների կողմից հաճախ բարձրացվող տրանսպորտի հետ կապված խնդիրը: Արդեն սկսել ենք փողոցների բարեկարգման աշխատանքները: Նախատեսում ենք նաեւ ոռոգման ցանցի անցկացման աշխատանքներ իրականացնել, նպատակ ունենալով առաջիկա տարիներին վերականգնել նաեւ Նորքի բարձունքի անտառային շերտը»,-նշել է Տարոն Մարգարյանը:

«2011թ.-ին մենք ամբողջությամբ լուծեցինք քաղաքապետարանի ենթակայության մանկապարտեզների ջեռուցման խնդիրը: Այսօր քայլեր ենք ձեռնարկում դպրոցներում նույնպես այդ խնդրին վերջնական լուծում տալու ուղղությամբ»,-ընդգծել է նա: