Տարեցտարի Հայաստանում ավելանում է տեսողական խնդիրներ ունեցող անձանց թիվը, ընդ որում` այդ հիվանդությունը երիտասարդացել է, այն նկատվում է արդեն երեխաների մոտ` վաղ հասակից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  Երեւանի ակնաբույժներից  մեկը, ով չցանկացավ, որ իր անունը նշենք: Նրա խոսքով` դա պայմանավորված է  տեխնիկայի զարգացմամբ եւ սննդի որակի անկմամբ: «Փոքր երեխաները ամբողջ օրը համակարգիչների, խաղերի, հեռախոսների, IPAD-ների առաջ են, այլապես եթե գենետիկայով պայմանավորված լիներ տեսողական խնդիրների երիտասարդացումը, ապա  նախկինում էլ կլիներ, բայց այժմ իրոք շատացել է»,- նշեց նա:

Ականաբույժի խոսքով` տեսողական խնդիրները տարիքային եւ սեռային խմբեր «չեն ճանաչում», դրանք հատուկ են գրեթե բոլոր տարիքի տղամարդկանց եւ կանանց: Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց թվի աճի հետ մեկտեղ, բնականաբար, մեծացել է նաեւ ակնոց եւ լինզա կրողների թիվը, ըստ որում` վերջին տարիներին հատկապես շատացել են ոչ թե օպտիկական, այլեւ կոսմետիկ լինզա կրողները:

Ակնո՞ց, թե՞ լինզա. ո՞րն է մատչելի եւ ոչ վնասակար

Լինզաները լինում են երկու տեսակի` օպտիկական եւ կոսմետիկ: Ակնաբույժի խոսքով` օպտիկական լինզա նախընտրողները հիմնականում կոմպլեքսավորվում  են ակնոց կրելուց, ինչպես նաեւ հնարավոր է մեկ այլ պատճառ եւս, օրինակ`  երկու աչքի տեսողության տարբերությունը այնքան մեծ է, որ ակնոց կրել գրեթե հնարավոր չէ: Իսկ կոսմետիկ լինզաներ կրողները, ովքեր տեսողության խնդիր չունեն, պարզապես ցանկանում են «գունավոր» աչքեր ունենալ: «Կոսմետիկ լինզաները վնաս են աչքերին, դրանք խանգարում են աչքի սնուցմանը, դա կարելի է կրել օրվա մեջ ընդամենը 1-2 ժամ, բայց ոչ ամեն օր, միայն ինչ-որ տեղ գնալիս»,- նշեց ակնաբույժը: Նրա խոսքով` ակնոց կրելն ընդհանրապես վտանգավոր չէ, մինչդեռ լինզաները բազմաթիվ ռիսկեր են պարունակում, մասնավորապես, դրանց ոչ ճիշտ օգտագործումից կարող են մի շարք հիվանդություններ առաջանալ, օրինակ` եղջերաթաղանթի վնասվածքներ, բորբոքային հիվանդություններ եւ այլն:

Ի դեպ, այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստեցին նաեւ լինզաներ վաճառող օպտիկաների աշխատակիցները («Բեռլին օպտիկ», «Հայ օպտիկ», «Լինզ օպտիկ»,«Կոնտակտ լինզ»): Ըստ որում` լինզաների օգտագործմամբ պայմանավորված հնարավոր հետեւանքներից խուսափելու համար շատ կարեւոր է պահպանել հիգիենան, մասնավորապես`  լինզաները ճիշտ օգտագործելը, հեղուկը, որի մեջ այն պահվում է, փոխել ամեն օր, չշփոթել ձախ եւ աջ աչքի լինզաները եւ այլն: «Ամեն դեպքում լինզաները օտար մարմին են աչքի մեջ, կան մարդիկ, ովքեր կարողանում  են դրանք կրել, կան այնպիսիք, որոնց աչքը չի ընդունում լինզա»,-ասաց «Հայ օպտիկի» աշխատակիցներից մեկը:

Մեր մոնիթորինգը օպտիկաների շրջանում ցույց է տալիս, որ լինզաների սպառողները հիմնականում 18-40 տարեկան իգական սեռի ներկայացուցիչներ են, հաճախ նաեւ տղամարդիկ են ցանկություն հայտնում «գունավոր աչքեր» ունենալ: Մեկ օրինաչափություն եւս, եթե  հայ աղջիկները ցանկանում են մոխրագույն աչքեր ունենալ, ապա տղամարդիկ` կապույտ:

Օպտիկայի աշխատակիցները խորհուրդ չեն տալիս գնել կասկածելի ծագման լինզաներ` ոչ հիգենիկ վայրերից: Լինզաների գները տարբեր են` կախված ֆիրմայից, որակից, օգտագործման ժամկետից (լինզաները կարող են լինել մեկօրյա, մեկ ամսյա եւ երեքամսյա), գնելու վայրից եւ այլն: Օրինակ` «Բեռլին օպտիկում» լինզաները սկսվում են 7000 դրամից, «Հայ օպտիկում» օպտիկական լինզաները սկսվում են  15 հազար դրամից, կոսմետիկը` 8000 դրամից, իսկ «Լինզ օպտիկում» օպտիկական լիզաները` 3500 դրամից, կոսմետիկը` 7000 դրամից, «Կոնտակտ լինզայում» եւս օպտիկական լինզան սկսվում է 3500 դրամից, իսկ կոսմետիկը` 10 հազար դրամից: Հնարավոր է, որ տպավորություն ստեղծվի, որ լինզան  ավելի մատչելի է, քան ակնոցը, բայց դա միայն առաջին հայացքից  է: Օրինակ` եթե երկու աչքի համար լինզան արժե միջին հաշվարկներով 7000 դրամ, ապա ակնոցը` 10 հազար դրամ, բայց լինզան կարող ես օգտագործել երեք ամսվանից  ոչ ավել եւ դրա հետ անհրաժեշտ է գնել նաեւ սնուցող եւ հիգիենիկ պարագաներ:

Դժվար է ասել, թե ինչով է պայմանավորված հայ երիտասարդների ցանկությունը` ունենալու գունավոր աչքեր: Հոգեբանները թերեւս մեկ փաստարկ են բերում, «միշտ էլ մարդ ցանկանում է ունենալ այն, ինչ չունի, իսկ հայերի մեծամասնությունը դարնչագույն կամ շագանակագույն աչքեր ունի»: Աչքերի գույնի եւ մարդկանց բնավորության կապի մասին բազմաթիվ հետազոտություններ են արվել: Դրանցից մեկում, օրինակ, նշվում է, որ դարչնագույն աչքերով մարդիկ օժտված են գրավչությամբ, զգացմունքայնությամբ ու սրամտությամբ, սովորաբար ակտիվ են եւ իշխող,  կանաչաչյաները կամակոր են, համառ, բավականին փոփոխական, շրջապատի նկատմամբ` պահանջկոտ:  Մոխրագույն աչքեր ունեցողները բավականին խելացի են, համբերատար, հետաքրքրասեր, զուսպ են եւ չոր:  Կապուտաչյաները  զգացմունքային են, բարեսիրտ ու հանդարտ, հնարավոր է նաեւ  ռոմանտիկ են, երազկոտ, իսկ սև աչքերը վկայում են կրքոտության ու սիրառատության մասին:

 

Պատրաստեց` Ինգա Մարտինյանը