«Դատարանն օրենքի կոպիտ խախտումներով, 2008-ին, հորից` Դավիթ Ծաղիկյանից, խլել են 6-ամյա որդու հետ շփվելու իրավունքը»: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ահազանգեց ինքը` Դավիթ Ծաղիկյանը, հավելելով, որ պատճառաբանությունն այն է եղել, թե ինքը չէ երեխայի հայրը. «անգամ արդեն նախկին կնոջ հայրը դատարանում հայտարարել է, թե ինքն է քնել սեփական դստեր հետ եւ այդ երեխան իրենն է»:
Դ. Ծաղիկյանը, ով հիմա պայքարում է իր 6 տարեկան որդուն վերադարձնելու համար, ներկայացրեց իր չկայացած ընտանիքի նախապատմությունը:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Դավիթն ամուսնացել է ոստիկանության նախկին գնդապետ Լեւ Ե-ի դստեր` Գայանե Ե-ի հետ: Ամուսնությունից երկու տարի անց արդեն ընտանիքում վեճեր են եղել: Կնոջ հայրը` գնդապետ Լեւ Ե-ն, Ռուսաստանից վերադառնալով, Դավիթին զգուշացրել է, թե երեխային խլելու է նրանից:
«Արդեն դատական գործընթացի ժամանակ ասացին, որ իրենք հարուստ են եւ ես իրենց հարստության համար եմ Գայանեի հետ ամուսնացել: Հետո էլ նախկին կնոջս հայրը դատարանում հայտարարեց, թե իր աղջիկը անբարոյական է եւ երեխան ուրիշից է ունեցել, բայց այդ ուրիշը մինչ օրս չի հայտնվել: Ավելին` դատարանում Լեւ Ե-ն հայտարարեց, որ ինքն է քնել իր դստեր հետ ու այդ երեխան իրենն է»,- մանրամասնեց Դավիթը:
Նա պատմեց, որ նշանակվել է նաեւ երեխայի դատագենետիկական փորձաքննություն` Դատաբժշկական փորձաքննության կենտրոնում: «Նրանք փորձեցին ինձ գումար առաջարկել, որ ես հրաժարվեմ այդ փորձաքննությունից, հակառակ դեպքում, ասելով, որ եթե հրաժարվես մենք փողը կտանք` կկեղծենք: Փորձագիտական կենտրոնում առանց որեւէ փորձանմուշ վերցնելու եզրակացություն վաճառեցին նրանց, որ իբր երեխան ինձնից չէ: Դատարանը հիմք ընդունեց եւ հայցս մերժեց: 4 տարի է գլխավոր դատախազին ներկայացրել եմ, որ ակնհայտ կեղծ եզրակացություն է տրամադրվել, բայց ոչ մի արձագանք: Բազմաթիվ անգամներ դիմել է նաեւ Արդարադատության նախարարությանը եւ կրկին, ոչ մի դրական լուծում»,- ավելացրեց Դավիթը, հավելելով, որ բազմաթիվ անգամ միջնորդություններ է ներկայացրել կրկնակի փորձաքննություն անցկացնելու համար, սակայն արդյունք չի ստացել:
NEWS.am-ը զրուցեց նաեւ Դատաբժշկական փորձաքննության կենտրոնի ղեկավար Շոթա Վարդանյանի հետ: Վերջինս, թեեւ չհիշեց, թե խոսքն ում մասին է, բայց հավատացրեց, որ առանց փորձանմուշ վերցնելու չէր կարող եզրակացություն տալ:
Դավիթի ներկայացմամբ, ինքը փորձել է նաեւ երեխայի հետ տեսակցել, սակայն մի շարք խոչընդոտների է հանդիպել: Օրինակ, երեխան, երբ սկսել է դպրոց հաճախել, գնացել եւ տնօրենից խնդրել է, որ երեխայի հետ տեսակցի, բայց իրեն թույլ չեն տվել անգամ դպրոց մտնել:
«Նախկին կնոջս հայրն ինձ սկզբից ասել էր, որ եթե քեզ խելոք չպահես բերդ կնստացնեմ: Իր մոտ դա չստացվեց: «Ախրանա» վարձեց, որոնք հարձակվեցին ու ինձ ծեծեցին, փորձեցին սարքել այնպես, թե ես եմ հանցագործության հեղինակը: Սակայն ես ապացուցեցի ոստիկանությանը, որ հանցագործներն իր «ախրանա»-ի տղաներն են: Որդիս ընկերներին ասել է, որ գիտի, որ իր հայրն եմ, բայց, եթե մոտենա, տանը իրեն կծեծեն»,-ասել է Դավիթը, հավելելով, որ հիմա էլ ստիպված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից է ակնկալում, որ իր հարցին դրական լուծում կտրվի: «Ես միայն օբյեկտիվ լուծում եմ ուզում, իսկ ես իմ հայտարությունները հիմնավորում եմ փաստաթղթերով»,- ընդգծել է Դավիթ Ծաղիկյանը:
NEWS.am-ը զանգահարեց նաեւ Ե-րի բնակարան, նրանց արձագանքները լսելու համար վերը նշված մեղադրանքներին, սակայն մեր զանգերը 2 օր շարունակ մնացին անպատասխան:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























