Թերթը գրում է, որ վերջին օրերին բազմաթիվ վարորդների տարակուսանքի նոր առիթ է ընձեռվել: «Նրանք ստացել են, այսպես ասենք, «տուգանային» նամակներ իրենց կողմից այս կամ այն վայրում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մասին: Տեսանկարահանող եւ արագաչափ սարքերի միջոցով գրանցված խախտումների համար վարորդները պետք է վճարեն այս կամ այն չափի գումար:
Նորությունը, սակայն, սա չէ, այլ այն, որ շատ վարորդներ նկատել են` իրենց ստացած կտրոնների վրա սխալ է նշված այն ժամը, երբ իրենք խախտում են կատարել:
Մեզ դիմած վարորդներից մեկը չի հերքել, որ ինքն, իրոք, մարտի 26-ին ճանապարհային խախտում է կատարել:
«Ալեք Մանուկյան-Սայաթ-Նովա հատվածում մեքենաները շատ խիտ էին կանգնած, խցանում էր, այդ պատճառով էլ մեքենաս իրոք հայտնվել էր հոծ գծի վրա: Սակայն այդ խախտումը եղել է ժամը 15-ի սահմաններում, դրանից հետո ես պարզապես Երեւանում չեմ եղել: Օդանավակայան եմ շտապել»,-պատմել է վարորդը: Այնինչ նրան հասած կտրոնի վրա իր կատարած խախտման ժամը նշված Է 16:15:
«Տեխնիկական այս խնդիրը ոչինչ, միայն թե հետո տուգանքները տեխնիկապես չավելանան»,-կատակել է թերթին դիմած վարորդը:
Իսկ գուցե հիմա տեսախցիկների վրա էլ տեսախցիկային հսկողություն դրվի...
Թերթի կարծիքով` այս խառնաշփոթն ստեղծվել է ժամացույցները 1 ժամ առաջ կամ հետ չտալուց: Իսկ խցիկները ավտոմատ փոխել են ժամը»,- գրում է «Հայացք»-ը:




























