Զատիկի տոներին ընդառաջ թռչնաֆաբրիկաները ձվի գները չեն բարձրացրել: Մանրածախ ցանցում դրանք նույնպես չեն փոխվել:
Ֆաբրիկաները 01 կարգի (միջին) ձուն հանձնում են խանութներին 40-45 դրամով, վերջինս ավելացնում է եւս 10-12 դրամ:
Ամենախոշոր (որպես XXL մակնշվող) ձվի գինը չի անցնում 60-65 դրամից (սրանցից եւս երկու-երեք դրամով է անցնում Eco մակնշավորմամբ ձուն):
Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկայի տնօրեն Գագիկ Սահակյանը, ձեռնարկությունը մեծածախ գներն այս տարվա հունվարից չի ավելացրել: Ձվի ինքնարժեքից բացի, գինը թանկացնում է միայն փաթեթավորումը` հատը 5 դրամով:
Փաթեթի հրապույրի մասին նշեց նաեւ «Արզնիի տոհմային ԹՏԽ» ԲԲԸ մամուլի պատասխանատու Վահե Փանոսյանը:
«Փաթեթավորումը 5 դրամ է նստում ամեն ձվին, բայց շատերը, չգիտես ինչու, ուզում են անպայման տուփով գնել` նույնիսկ եթե ավելորդ գումար ձեռքի տակ չունեն», - նկատեց նա:
Ավելացնենք, որ թե’ «Արզնիի ԹՏԽ»-ն, թե’ նախկինում Լուսակերտի թռչնաֆաբրիկայի ներկայացուցիչները նշել էին, որ ձվի պոլիէթիլենային եւ պլաստիկ տուփերը ներկրում են դրսից: Ըստ նրանց, տեղական արտադրողները համապատասխան որակ ապահովել չեն կարող:



























