NEWS.am-ի մոնիտորինգը Երեւանի ծաղկի շուկայում ցույց է տալիս, որ ապրիլի 7-ին ծաղիկների պահանջարկն ակնհայտորեն զիջում է մարտի 8-ի պահանջարկին: Արդյունքում` որոշ ծաղկատեսակներ ավելի էժան են մարտի 8-ի համեմատ:
Հիմնական էժանացումը վերաբերում է վարդերին` տեղական վարդերն արժեն 400-500 դրամ, հոլանդականները` 1000-1500 դրամ: Սա մոտ կրկնակի զիջում է մարտի 8-ի գներին: Համեմատաբար էժան են նաեւ կակաչները: Հոլանդականներն արժեն 500 դրամ (մարտի 8-ին 700 դրամ էին), տեղականները` 200-250 դրամ (մարտի 8-ին 300 դրամ էին):
Փոխարենը ձնծաղիկն արժե 200 դրամ` նույնքան, որքան մարտի 8-ին: Սա այն դեպքում, որ մարտի 8-ին հանրապետությունում ձմեռային եղանակ էր ու ձնծաղիկները դաշտերում դեռ չէին տարածվել: Հիմա հայաստանի նախալեռնային գոտիները բառի բուն իմաստով պատված են ձնծաղիկներով: Ոչ տոնական օրերին ձնծաղիկներն արժեն 100 դրամ: Ի դեպ` ձնծաղիկը ապրիլի 7-ի ամենապահանջարկված ծաղիկն է: Համեմատության համար նշենք, որ նարցիսները գրեթե չեն թանկացել նախորդ օրերի համեմատ ու արժեն 50 դրամ:




























