Երեւանում նոր երթուղային ցանցի երթուղիների սպասարկման համար մրցույթները լինելու են բաց եւ թափանցիկ: Այս մասին, այսօր` ապրիլի 10-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Կհաղթեն այն ընկերությունները, որոնք առավել հարմարվետ փոխադրամիջոցներ եւ պայմաններ կառաջարկեն մեր բնակիչներին»,-ասել է նա: Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, մայրաքաղաքի երթուղիները սպասարկող բոլոր նոր ավտոբուսները հընթացս կհամալրվեն GPS համակարգով եւ WiFi կապով: 

Պահանջը հստակ է նաեւ տնտեսավարող սուբյեկտների կողմից պարտադիր բարեկարգման նորմերը պահպանելու հարցում. բոլոր  տնտեսավարող սուբյեկտները, համաձայն պայմանագրի, պարտավոր են բարեկարգել, կանաչապատել եւ խնամել իրենց օբյեկտների հարակից հատվածները: «Ամենօրյա աշխատանք տարեք տվյալ տնտեսվարողների հետ, որպեսզի ապահովեն իրենց հարակից տարածքների բարեկարգումն ու կանաչապատումը: Բոլոր նրանք, ովքեր չեն կատարի պայմանագրային պարտավորությունները, կենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ մինչեւ պայմանագրերի դադարեցում», շեշտել է Տարոն Մարգարյանը:

Մայրաքաղաքի փողոցներն ու շենքերը հենաշարժողական խնդիրներ ունեցող բնակիչների համար հարմարավետ դարձնելու համատեքստում, քաղաքապետի հանձնարարությամբ այսուհետ շինարարական բոլոր նախագծերը որպես պարտադիր նորմ պետք է ներառեն թեքահարթակներ: Սա, ի դեպ, ինչպես շեշտել է Տարոն Մարգարյանը, վերաբերում է նաեւ նախորդ տարիներին տրված, բայց դեռեւս անավարտ շինարարություններին:

Մայրաքաղաքի արտաքին տեսքն առավել գեղեցիկ եւ գրավիչ դարձնելու նպատակով, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, կմեկնարկեն Մաշտոցի պողոտայի, Աբովյան փողոցի եւ, ընդհանրապես, մայրաքաղաքի ճարտարապետական նշանակության եւ բարձրահարկ շենքերի գեղարվեստական լուսավորման աշխատանքները:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի