Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 12-րդ համագումարում հռչակվեց «վերջին մղոնի» քաղաքականություն կիրառելու նպատակահարմարության մասին: Խոսքը վերաբերում է հեռահաղորդակցության ենթակառուցվածքների համատեղ օգտագործմանը, ինչը նաեւ ենթադրում է վիրտուալ օպերատորների առաջացում:
NEWS.am-ի խնդրանքով ԻՏՁՄ-ի իրավաբան Արկադի Սահակյանը որոշ պարզաբանումներ տվեց այդ ռազմավարության մասին: Նրա խոսքով` տնտեսապես արդյունավետ չէ, երբ ամեն մի օպերատոր իր առանձին ենթակառուցվածքն է ստեղծում բնակիչներին հեռահաղորդակցության ծառայություններ մատուցելու համար (ինտերնետ, հեռուստատեսություն եւ այլն): Դրա արդյունքում քաղաքը` բակերն ու շենքերը օղակվում են բազմաթիվ կաբելներով կամ մալուխներով, որոնք փչացնում են արտաքին տեսքը, խանգարում քաղաքացիներին կամ մեքենաներին: Դրանից խուսափելու համար աշխարհում կիրառվում է «վերջին մղոնի» քաղաքականությունը, երբ օպերատորներից մեկը վարձակալությամբ մյուսներին է հանձնում իր ազատ թողունակություն ունեցող ենթակառուցվածքները: Այսինքն` ենթադրենք օպերատորներից մեկը տվյալ շենք է հասցրել ինտերնետ մատակարարող կաբել, որը լիարժեք չի օգտագործում: Որպեսզի մյուս օպերատորները նորից կաբել չհասցնեն տվյալ շենքին, նրանց պետք է հնարավորություն ընձեռվի օգտագործել արդեն իսկ առկա կաբելը: «Վերջին մղոն» հասկացությունը տվյալ դեպքում վերաբերում է բաժանարար տուփից մինչեւ բնակարան ընկած տարածությունը: Այդ դեպքում նաեւ ի հայտ կգան «վիրտուալ օպերատորներ», որոնք կկարգավորեն բաժանարար տուփերը:
Առայժմ այս քաղաքականությանը խոչընդոտում է օրենսդրական դաշտում առկա անորոշությունը: Հայկական օրենքներում բացակայում է «վերջին մղոն» տերմինը, սակայն կարգավորվում է գծային ենթակառուցվածքների ազատ թողունակությունը: Այսինքն` գործող կարգով ենթակառուցվածքը կարելի է տրամադրել այլ ընկերության, եթե առկա է ազատ թողունակություն եւ տվյալ «գծատերը» չունի զարգացման ծրագիր: Դա, ըստ ԻՏՁՄ իրավաբանի, բավարար չէ զարգացման ներկայիս տեմպերը հաշվի առնելիս, քանի որ ցանկացած օպերատոր ցանկացած ժամանակ կարող է մերժել այլ օպերատորի: Բացի այդ պետք է հստակեցնել` խնդիրը վերաբերում է խողովակների՞ն, որոնց միջոցով անցկացված են մալուխներ, սակայն կարելի է նաեւ այլ մալուխ տեղադրել, թե՞ այն մալուխներին, որոնց մեջ առկա են չօգտագործվող բազմաթիվ լարեր:
Հարցը քննարկվում էնաեւ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, որը պետք է սահմանի ենթակառուցվածքների համատեղ օգտագործման սակագները: Հանձնաժողովն այս հարցի կարգավորման համար աջակցություն է ստանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից:
Սամվել Ավագյան



























