Սիսիանի հոսպիտալում, ապրիլի 7-ին  մահացած ժամկետային զինծառայող Հայկ Ղազարյանն աշնանը պետք է զորացրվեր եւ շարունակեր ուսումը Երեւանի տնտեսագիտության համալսարանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բաղրամյանի գյուղապետ Բաբկեն Շահբազյանը: Նա նաեւ  տեղեկացրեց, որ Հայկ Ղազարյանը ժառանգական ալերգիկ հիվանդություն է ունեցել, սակայն այն կյանքին վտանգ սպառանացող չի եղել: Ավելին ասել գյուղապետը չկարողացավ, նշելով, որ բժշկական եզրակացությունը դեռ չի ստացվել: «Դժվարանում եմ խոսել, քանի որ շատ լավ մարդիկ են: Համեստ, կիրթ հոյակապ անձնավորություն են ընտանյոք հանդերձ: Հայկն էլ պատվոգրերով ծառայող, բարձրագույն սովորող տղա է»,- ավելացրեց գյուղապետը:

Նա պատմեց, որ Հայկենց ընտանիքում 3 երեխա են` 2 եղբայր, մեկ քույր: Հայրը զբաղվում է հողագործությամբ, մայրը բուժքույր է եւ գյուղի ամբուլատորիայում է աշխատում: Միջին սոցիալական կարգավիճակ ունեցող ընտանիք է: Գյուղապետն այնքան ցնցված էր Հայկի մահվան հանգամանքով, որ դժվարացավ շարունակել զրույցը, ավելացնելով. «Թաղմանը մեծ թափոր էր եկել, բայց  պատկերացրեք, որ հասարակության մեծամասնությունն այնքան էր մղկտում, որ չկարողացավ մասնակցել հոգեհացին, քանի որ չէին կարող այդ հացը կուլ տալ»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 7-ին Սիսիանի հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Ղազարյանը: ՊՆ լրատվական ծառայության աշխատակից Մուշեղ Աղեկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ Ղազարյանը զորակոչվել էր Վաղարշապատի զինկոմիսարիատից եւ ծառայություն էր անցնում Գորիսի զորամասում:  Դեպքի կապակցությամբ այլ մանրամասներ հայտնի չեն, հարուցվել է քրեական գործ  քր.օր.-ի 376-րդ հոդվածի հատկանիշներով` «պետի կամ պաշտոնատար անձի  անփույթ վերաբերմունք  ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանք , որպես պատիժ նախատեսվում է  ազատազրկում  3-6 տարի ժամկետով»: