Անցած շաբաթվա ավարտին Վրաստանի հեռահաղորդակցության հանձնաժողովը կրկնակի տուգանել է ռուսական մի շարք հեռուստաընկերությունների՝ նրանց մեղադրելով առանց Թբիլիսիի թույլտվության՝ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքում ապօրինի հեռարձակման մեջ։
Հանձնաժողովի որոշման համաձայն՝ ռուսական НТВ, «Ռոսիա» եւ «Կուլտուրա» հեռուստաալիքները պարտավոր են 500 հազար լարիի (մոտ 300 հազար դոլար) չափով տուգանք վճարել։
ОРТ հեռուստաընկերությունը պետք է վճարի 1 մլն լարի (599 հազար դոլար) տուգանք, քանի որ այս հեռուստաընկերությանը, վերոնշյալ խախտման համար, վրացական հեռահաղորդակցության գերատեսչությունը արդեն երկու անգամ տուգանել է։
Ռուսական հեռուստաընկերությունների ներկայացուցիչները հայտարարել են, սակայն, որ չեն պատրաստվում վճարել տուգանքները, հայտնում է «Կոմերսանտ» թերթը։
Հեռահաղորդակցության հանձնաժողովի որոշումը տարակուսանք է առաջացրել անգամ վրացի փորձագետների մոտ։ Գիա Խուխաշվիլիի խոսքով, այդ դեպքում պետք էր տուգանել նաեւ ռուսական էներգաընկերություններին, որոնք միաժամանակ աշխատում են Վրաստանում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում։




























