Դեկտեմբերի 6-ին, ժամը 20.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Ե. Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Հայ գրողների միավորման նախագահ, 1937 թ. ծնված Հովհաննես Մելքոնյանին:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինիս մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ, նույն օրը, ժամը 23.15-ին, գիտակցության չգալով`մահացել է: Կատարվում է նախաքննություն:
Նշենք,որ Հայաստանի Գրողների միությունից Հովհաննես Մելքոնյանը Սերո Խանզադյանի հետ միասին հեռացել էր դեռեւս այն ժամանակ, երբ նախագահ ընտրվեց Վահագն Դավթյանը: Եւ այս ընթացքում էլ՝ 1991 թվականին, ստեղծեցին Հայ գրողների միությունը: Երբ Ռազմիկ Դավոյանը ընտրվեց ԳՄ նախագահ, Սերո Խանզադյանը վերադարձավ Գրողների միություն, իսկ Հովհաննես Մելքոնյանը շարունակեց ղեկավարել իրենց ստեղծած Հայ գրողների միությունը: Իսկ ԳՄ վերջին ընտրության ժամանակ Հովհաննես Մելքոնյանը միավորվեց Ռազմիկ Դավոյանի հետ, որպեսզի վերջինիս հաղթանակի հասնելու դեպքում միավորվեն երկու միությունները՝ որպես մեկ միասնական Գրողների միություն:
«Որպես գրող իր կեցվածքով համեստ, բարոյապես մաքուր, անխառն մտավորական էր, ով վիպական արձակ եկավ պատմողական ոճի գրականություն բերելով: Նրա լավագույն գործերը հիմնականում վաղ շրջանի գործերն են՝ „Ցրոնք արվարձանը“, „Հեծանիվը“, որոնք հետագայում տեղ գտան „Քարավան“ ժողովածուում: Հյութեղ է նրա հայերենը, գեղեցիկ, գեղարվեստով հագեցած»,- այսպես բնութագրեց գրողին նրա գրչեղբայր, բանաստեղծ Մերուժանը:




























