Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 9-ին եռօրյա պետական այցով Հայաստան կժամանի Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը տիկնոջ` Լիլիտա Զատլերեի հետ: Լատվիայի նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում են էկոնոմիկայի, ներքին գործերի, բնապահպանության նախարարները, խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը, պաշտոնատար այլ անձինք:
Նույն օրը Լատվիայի նախագահը եւ տիկին Լիլիտա Զատլերեն ՀՀ նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ ներկա կգտնվեն Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ դեկտեմբերի 10-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի կունենա Լատվիայի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Սերժ Սարգսյանի եւ Վալդիս Զատլերսի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո կստորագրվեն միջկառավարական եւ միջգերատեսչական փաստաթղթեր: Հայաստանի եւ Լատվիայի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Այցի շրջանակում նախագահ Զատլերսը հանդիպումներ կունենա նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, կհյուրընկալվի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսին:
Հայաստանի եւ Լատվիայի նախագահների մասնակցությամբ տեղի կունենա հայ-լատվիական բիզնես ֆորումի բացման արարողությունը:
Լատվիայի նախագահը կայցելի նաեւ Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի հուշակոթողին, կլինի Հայոց ցեղասպանության թանգարանում, ծառ կտնկի Հիշատակի պուրակում:
Դեկտեմբերի 11-ին Լատվիայի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:




























