Հայաստանի Կենտրոնական Ընտրական հանձնաժողովը չի քննարկելու «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Երեւանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին կալանքի տակ պահելու հարցը, քանի որ չունի նման լիազորություններ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԿԸՀ անդամ Զոյա Թադեւոսյանը:

«Չկա դիմելու կարգ: Այստեղ ուղղակի նրա պաշտպանը պնդում է, որ ԸՕ 111 հոդվածի համաձայն նրա պետք է ապահովվի հավասար պայմաններ՝ մյուս թեկնածուների համեմատ: Պետությունն ինքը պետք է ապահովի այդ պայմանները, անկախ որեւէ մեկի դիմելուց»,- նշեց ԿԸՀ անդամն ու հավելեց. «Բայց քանի որ նա կալանքի տակ է, օրենքը, կարծես, նրա վրա չի տարածվում: Այստեղ 25 հոդվածի 6-րդ կետով նրա 3-ական լիազոր-ներկայացուցիչները օրական 2 ժամ կհանդիպեն Նիկոլ Փաշինյանին, բայց թե դա ինչ կտա ընտրողներին, ես չգիտեմ»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2009թ. հուլիսի 1-ից գտնվում է անազատության մեջ եւ մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Ներկայումս Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենքում ընթանում է նրա դատավարությունը: Պաշտպանական կողմի պնդմամբ՝ դատարանը պարտավոր է ազատ արձակել Փաշինյանին եւ նրան հնարավորություն ընձեռել օրենքի սահմաններում քարոզարշավ իրականացնել: