Շիրակի մարզի կարկտահարության հետեւանքով վնասներ կրած համայքներին կառավարությունը օժանդակություն չի տվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը` ավելացնելով, որ կառավարությունը կփորձի հաջորդ տարի որոշակիորեն մեղմել տուժած համայնքերի տնտեսությունների կրած վնասը: Ըստ նրա` կառավարությունը փորձել է բանակցել բանկերի հետ, մասնավորապես ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի հետ, որպեսզի տուժած տնտեսությունների վարկերի ժամկետները հետաձգվեն, սակայն, փոխնախարարի խոսքով, համաձայնություն ձեռք չի բերվել:
Հիշեցնենք, որ այս տարվա գարնան հանրապետության տարածքում տեղացած առատ տեղումների եւ մասնավորապես կարկուտի պատճառով Շիրակի մարզում տուժեցին բազմաթիվ համայնքներ, իսկ թվով 13 համայնքում գյուղացիները գրեթե չկարողացան բերք հավաքել: Փոխնախարարի տեղեկացմամբ, օպերատիվ տվյալների համաձայն տեղումներից հանրապետության կրած վնասը կազմել է է 13 մլրդ դրամ:
Ս. Գալստյանի խոսքով, հանրապետություն տեղադրված հակակարկտային կայանները հաջորդ տարի ավելացվելու են: Դրա համար հաջորդ տարվա բյուջեից 550 մլն դրամ կհատկացվի:



























