Արարատյան դաշտավայրում այս տարի խաղողի ֆիլոքսերա հիվանդություն է արաձանագրվել: Այս մասին դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած ասուլիսում տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը՝ ավելացնելով, որ ֆիլոքսերայի դեմ բուժման միջոցներ չկան, եւ վարակի հետագա տարածումը կանխելու նպատակով վարակված տարածքի խաղողի վազերը պետք է ոչնչացվեն:
Ըստ նրա` 3 հեկտար տարածքով ախտահարված շրջանը Էջմիածնի մոտ է: Ս. Գալստյանի փոխանցմամբ` ֆիլոքսերայով վարակված են հանրապետության հյուսիս-արեւելյան շրջանների եւ Լեռնային Ղարաբաղի խաղողի այգիները, եւ հնարավոր է, որ նշված վայրերից Արարատյան դաշտավայրի խաղողի այգիներում տեղադրվող շպալերներ ներկրելու պատճառով էլ վարակը թափանցած լինի: Փոխնախարարը տեղեկացրեց, որ կառավարությունն արդեն որոշում է ընդունել տարածքի սեփականատիրոջը օժանդակություն տրամադրել: Յուրաքանչյուր հեկտարի դիմաց 940 հազար դրամ փոխհատուցում կտրվի, 9 միլիոն դրամ էլ կտրամադրվի հիվանդության վերաբերյալ ուսումնասիրություններ կատարելու նպատակով:
Տեղեկացնենք, որ խաղողի ֆիլոքսերան մանր միջատներ են, որոնք ոչնչացնում են խաղողի վազերը: Եվրոպայում 30 տարվա ընթացքում այն 6 մլն հեկտար խաղողի այգիների ոչնչացման պատճառ է դարձել: Միջատների ոչնչացման համար համապատասխան թունաքիմիկատներ օգտագործելիս ոչնչանում են նաեւ խաղողի վազերը, այդ իսկ պատճառով ախտահարված տարածքները ոչնչացնում են եւ տարածքի հողը մաքրում նույնիսկ վարակված խաղողի արմատներից:




























