Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 8-ին կայացած նիստում գրանցել է դեկտեմբերի 6-ին Երեւանի թիվ 8 եւ Հրազդանի թիվ 25 ընտրատարածքներում կայացած վերընտրությունների ժամանակ պատգամավոր ընտրված անկուսակցական Կորյուն Գառնիկի Նահապետյանին եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մխիթար Ջանշիկի Հարությունյանին:
Անկուսակցական, Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված Կորյուն Նահապետյանի օգտին քվերակել էր 8832 ընտրող, թիվ 25-ում պատգամավոր ընտրված, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մխիթար Հարությունյանի օգտին՝ 13493 ընտրող: Երկու տարածքներում էլ ռեկորդային ցածր մասնակցություն է գրանցվել: Երեւանի թիվ 8 ընտրատարածքում կայացած ընտրություններին մասնակցել է 14,2 տոկոս ընտրող, իսկ Հրազդանում՝ 24,79 տոկոս, մինչդեռ 2007թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույն այդ ընտրատարածքներում մասնակցել են 45 եւ 65 տոկոս ընտրողներ:
Հիշեցնենք, որ երկու պատգամավորական մանդատներն էլ ազատ էին մնացել, երբ պատգամավորներ Սասուն Միքայելյանին եւ Հակոբ Հակոբյանին դատապարտեցին՝ 2008թ. զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով:




























