Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ հանձնարարել է իր ներկայացուցիչներին կապ հաստատել ԱՄՆ նախագահի թիմի հետ և պարզել Հաղթանակի տոնի ժամանակահատվածում հրադադար հաստատելու վերաբերյալ ռուսական առաջարկի մանրամասները:

«Կպարզենք, թե կոնկրետ ինչի մասին է խոսքը՝ Մոսկվայում շքերթի համար մի քանի ժամ տևող անվտանգության, թե՞ ավելի մեծ բանի: Մենք առաջարկում ենք դադարեցնել կրակը երկարաժամկետ հիմունքներով, մարդկանց համար ապահովել հուսալի անվտանգություն և տևական խաղաղություն»,- սոցցանցերում գրել է Զելենսկին: Նա հավելել է, որ այդ նպատակին հասնելու համար Ուկրաինան պատրաստ է աշխատել «ցանկացած արժանապատիվ և արդյունավետ ձևաչափով»:

Դրանից մեկ օր առաջ Վլադիմիր Պուտինը Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում առաջարկել էր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադար հայտարարել Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակահատվածի համար։ Պուտինի օգնական Յուրի Ուշակովի խոսքով՝ զրույցը տեղի է ունեցել ռուսական կողմի նախաձեռնությամբ։ Ինքը՝ Թրամփը, ավելի ուշ հայտարարել է, որ հենց ինքն է Պուտինին առաջարկել «փոքր հրադադարը»։

Նախորդ անգամ ճակատում հրադադար էր հայտարարվել 2026 թվականի ապրիլին՝ Զատկի տոնին։ Այն ժամանակ Պուտինը հրադադարի մասին հայտարարել էր միակողմանիորեն, իսկ Զելենսկին նշել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը կգործեն հայելային սկզբունքով։ Արդյունքում կողմերը միմյանց մեղադրել են բազմաթիվ խախտումների մեջ, իսկ մարտերի ինտենսիվությունը փաստացի չի նվազել, թեև, ինչպես նշել են Ուկրաինայի ԶՈւ Գլխավոր շտաբում, ռուսական զինուժը հրթիռային ու ավիացիոն հարվածներ չէր հասցրել և ԱԹՍ-ներ չէր կիրառել։