Այսօրվա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Երևանում պետք է դառնա հստակ ազդանշան այն մասին, որ տրանսատլանտյան կապերն ու եվրոպա-ամերիկյան բարեկամությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն են, X սոցիալական ցանցում գրել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։

Ըստ Լեհաստանի վարչապետի, սրան այլընտրանք չկա։

«Մենք միմյանց կարիքն ունենք առավել, քան երբևէ։ Մեր դաշնակիցները միշտ կարող են հույս դնել Լեհաստանի վրա»,- նշել է նա։

Ավելի ուշ Տուսկը հայտնել է Երևանում Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ բանակցությունների մասին։

Լեհաստանի վարչապետի հաղորդմամբ, նա Քարնիի հետ քննարկել է տնտեսական, էներգետիկ և ռազմական համագործակցությունը։

Իսկ բրիտանացի վարչապետի հետ Տուսկը վարել է բանակցություններ անվտանգության, տրանսատլանտյան հարաբերությունների և տնտեսության հարցերի շուրջ։