Ռումինիայում խորհրդարանի պատգամավորները քվեարկել են վարչապետ Իլիե Բոլոյանի պաշտոնանկության օգտին՝ խորհրդարանում նրան անվստահություն հայտնելով. հայտնում է BBC News-ը:

Անվստահության քվեի արդյունքում Ռումինիայի կառավարությունը վայր է դրել լիազորությունները:

Ամենամեծ կուսակցությունը՝ ձախակողմյան սոցիալ-դեմոկրատները, անցյալ ամիս դուրս էին եկել Բոլոյանի քառակողմ կոալիցիայից և միացել աջ ծայրահեղական ընդդիմությանը՝ կոչ անելով քվեարկություն անցկացնել: Սոցիալ-դեմոկրատները բազմիցս հակասություններ են ունեցել լիբերալ Բոլոյանի հետ՝ բյուջեի դեֆիցիտի կրճատմանն ուղղված խիստ տնտեսման միջոցառումների պատճառով:

Երկրի նախագահ Նիկուշոր Դանը, որն, ինչպես սպասվում է, այժմ կփորձի վերականգնել կոալիցիան մեկ այլ վարչապետի գլխավորությամբ, փորձել է հավաստիացնել, որ Ռումինիան՝ որպես ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ, որը սահմանակից է Ուկրաինային, կպահպանի իր եվրոպամետ դիրքորոշումը:

Անվստահության քվեին կողմ է քվեարկել ընդհանուր առմամբ 281 պատգամավոր, ինչը զգալիորեն գերազանցում է այդ որոշման ընդունման համար անհրաժեշտ 233 ձայնը:

Ընտրությունները տեղի կունենան ոչ շուտ, քան 2028 թվականին, և թեև արտահերթ ընտրությունների անցկացումը քիչ հավանական է, ֆինանսական շուկաները մտահոգված են, որ այդ անկայունությունը կարող է հանգեցնել նրան, որ Ռումինիան հրաժարվի ԵՄ-ում ամենամեծ բյուջետային դեֆիցիտի կրճատման իր պարտավորություններից:

Ռումինական լեյը երեքշաբթի անցկացված քվեարկության նախաշեմին եվրոյի նկատմամբ ռեկորդային ցածր մակարդակի է հասել:

Բոլոյանի կոալիցիան իշխանության էր եկել 10 ամիս առաջ՝ ի պատասխան աջ ծայրահեղական «Ռումինացիների միավորման դաշինքի» (AUR) աճող ազդեցությանը, որը խորհրդարանում ստացել էր տեղերի մեկ երրորդը: